26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկ Մարությանը ներկայացրել է իր սկզբունքները

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ  Հայկ Մարությանը աշխատակազմին ներկայացրել է աշխատանքային այն սկզբունքները, որոնց համաձայն այսուհետ իր աշխատանքներն է շարունակելու քաղաքապետարանը:

«Երեւանն  ամեն օր ապրող, աշխատող ու իրեն բնորոշ խնդիրներ ունեցող քաղաք է, եւ մենք ամեն օր գալիս ենք աշխատանքի դրանց լուծում տալու նպատակով: Խնդիրները շրջանցելու  աշխատաոճն  այսուհետ պետք է իսպառ վերանա: Մենք պետք է ինքներս որսանք լուծում պահանջող բոլոր խնդիրները եւ դրանց տանք համապատասխան լուծումներ՝ մինչ այն պահը, երբ այդ մասին կբարձրաձայնեն քաղաքացիները: Այս կերպ երեւանցիները կհասկանան, որ մենք ամեն օր անում ենք մեր աշխատանքը:

Այսուհետ մեզ դիմած  յուրաքանչյուր բնակչի պետք է տրվի  լիարժեք պատասխան՝ նախ պետք է հասկանալ, արդյոք տվյալ խնդրի լուծումը քաղաքապետարանի լիազորության շրջանակում է թե ոչ, ապա առաջարկել լուծման տարբերակներ»,-նշել է քաղաքապետը եւ հավելել, որ քաղաքային տնտեսությանը վերաբերող ցանկացած հարց կարող է լուծում ստանալ, եթե յուրաքանչյուրն իր հերթին եւ իր տեղում հետեւողականորեն կատարի իր պարտականությունները:

«Ըստ այդմ, ակնկալում եմ, որ   մեր թիմում  իր աշխատանքը շարունակող յուրաքանչյուր աշխատակից  հստակ գիտակցի, որ իր կատարած աշխատանքի  համար կրում է 100 տոկոսանոց պատասխանատվություն: Մենք ծառայելու ենք Երեւանի բնակիչներին եւ ամեն հարցում հաշվետու ենք լինելու առաջին հերթին նրանց առաջ: Ես իմ որոշումը կայացրել եմ եւ առաջիկա 5 տարին ծառայելու եմ մեր քաղաքին եւ նրա բնակիչներին:  5 տարի պահպանելու եմ այն կանոնները, որոնց համաձայն աշխատելու ենք բոլորս, եւ 5 տարի վերահսկելու եմ, որ  այդ կանոնները պահպանվեն բոլորիս կողմից: Ես լինելու եմ 100 տոկոսով ազնիվ մեր բնակիչների հետ: Եվ  եթե որոշում կկայացնեք  մնալ եւ աշխատել նոր կանոններով, ապա նույնը պահանջվելու է նաեւ ձեզանից»,-նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Անդրադառնալով  օրակարգային հարցերին՝  կենսապահովման եւ քաղաքային տնտեսության ոլորտային պատասխանատուները  քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են ընթացիկ աշխատանքների  եւ առաջնային լուծում պահանջող խնդիրների մասին:

Երեւանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների, փողոցների բարեկարգման եւ վթարային պատշգամբների  վերանորոգման, բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգման վերաբերյալ զեկուցվել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը տեղեկացրել է, որ ընթացիկ ծրագրերին զուգահեռ մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ  հստակեցված է «Էրեբունի–Երեւան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումների ծրագիրը: Հոկտեմբերի 21-ի տոնական  օրվա ընթացքում կազմակերպված բազմաժանր միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարակում  կայանալիք գալահամերգով:

Քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատակազմի համապատասխան վարչություններին, վարչական  շրջանների ղեկավարներին եւ քաղաքապետարանի ենթակայության  կառույցների ղեկավարներին հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել ամենօրյա աշխատանքները՝ տեղեկացնելով, որ առաջիկայում  ըստ ոլորտների կքննարկվեն առաջնային լուծում պահանջող բոլոր հարցերը, որոնց կտրվեն համապատասխան լուծումներ:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ