19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

ՍԱՊԾ-ն կաթնամթերք արտադրողներին առաջարկել է համակարգային խնդիրները լուծելու ուղիներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական իր գործառույթներն արդյունավետ իրացնելու և սննդամթերքի անվտանգության ապահովման որակական նոր աստիճանի հասնելու համար՝ տնտեսավարողներին աջակցում է նոր ձևաչափով: Այդ նպատակով Ծառայություն էին հրավիրվել հանրապետության կաթնամթերք արտադրող տնտեսավարողները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և զարգացման հիմնադրամի, ինչպես նաև  կաթնամթերքի ոլորտին պարբերաբար անդրադարձող՝ «Հետք» լրատվական կայքի ներկայացուցիչները:

Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հումքի մթերման ընթացքում անվտանգության ցուցանիշների նկատմամբ հսկողության ոչ բավարար մակարդակի, նաև՝ արտադրություններում որակի կառավարման՝ HACCP, համակարգերի բացակայության և թերի կիրառման,  ջերմային պատշաճ մշակման, սանիտարահիգիենայի, մակնշման և այլ խնդիրների վրա: Նա խոսել է նաև արտադրություններում լաբորատոր կարողությունների ընդլայնման անհրաժեշտության մասին:

Նշելով, որ  թե նախորդ և թե այս տարի իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերված խնդիրները բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին՝ Ծառայության պետ Իշխան Կարապետյանը հույս է հայտնել, որ համատեղ վերլուծությունը թույլ կտա գտնել խախտումներից խուսափելու արդյունավետ ու կիրառելի ճանապարհներ: «Միայն վերահսկողությամբ՝ ստուգելով, խախտում գտնելով, տուգանելով կամ պատասխանատվության  ենթարկելով, իրավիճակը չի փոխվելու, եթե դուք չունենաք ձեր արտադրական գործընթացում նոր մշակույթ ու նոր մոտեցումներ բերելու, մասնավորապես՝ որակի հսկողության համակարգ ներդնելու ցանկություն»,- հավելել է բանախոսը: Այդ նպատակով ՍԱՊԾ պետն առաջարկել է օգտվել բիզնեսի աջակցման՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի ընձեռած հնարավորություններից:

Կարևորելով ՀՀ օրենսդրության և ՄՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը՝ բանախոսը հրապարակել է Ծառայության մասնագետների կողմից մշակված առաջարկությունների և խորհուրդների այն փաթեթը, որը հնարավորություն կտա ապահովել հսկողության հետագծելիություն՝ կաթի մթերումից մինչև իրացում, կաթնամթերքի արտադրության անվտանգությունը մեր երկրում հասցնելով ցանկալի մակարդակի:

Իշխան Կարապետյանն անդրադարձել է նաև առաջիկա անելիքներին, շեշտելով, որ Հայաստանում այս տարի իրականացվելու է կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգային ծրագիր, որում ներառված է նաև կաթը: Դա հնարավորություն կտա պարզել առաջացող խնդիրների պատճառները, տալ գիտական հիմնավորում և գտնել դրանց լուծման ճանապարհները: Այն նաև հիմք կլինի 2019թ. այդ ոլորտում ռիսկերի գնահատման համար:

Կաթնամթերք արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները և ընդգծել, որ հստակ ձևակերպված պահանջներն ու առաջարկները կօգնեն շտկել ոլորտին բնորոշ խնդիրները: Նրանց կողմից հատկապես դրական և ողջունելի է գնահատվել Ծառայության սկզբունքը՝ առաջարկ – խորհուրդ – ժամանակի տարամադրում և հետո միայն պատասխանատվության միջոցների կիրառում:

Կաթանամթերքի շուկայում, որը համարվում է ամենաբարձր ռիսկայնություն և լայն սպառում ունեցողներից մեկը, կսկսվի պետական վերահսկողության նոր փուլ՝ ուղղված համակարգային լուծումներին. խորհրդատվությունն ու մասնագիտական աջակցությունը կլինեն պարբերական:

 

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ