24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդդիմություն կդառնա՞

Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ հայտարարեց ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ միավորման կառավարման խորհրդի ձևավորման մասին, որով վերջնականապես ապահարզան տվեց Հայ ազգային կոնգրեսին, ինչը քաղաքական գործընթացներում նույնիսկ կառուցվածքային փոփոխություններ կարող է մտցնել՝ կախված նրանից, թե հանրային մոբիլիզացիոն ինչ մակարդակ կարող է ապահովել նոր ստեղծվող միավորը:

Ընդդիմության այս իրական քաղաքական այլընտրանքի բացակայության ֆոնին, դրա սոցիալական կարգավիճակը կարող է ավելի ուժեղ լինել: Դատելով Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի խոսքերից՝ կարելի է ենթադրել, որ այս միավորումը քաղաքական կուսակցության վերածվելու հակումներ ունի, որովհետև նրանք սահմանել են ամենաբարձր գործընթացին՝ ընտրություններին մասնակցելու և իշխանափոխության հասնելու քաղաքական նշաձողերը, իսկ սա նույնպես խոսում է նրա օգտին, որ գործառնական իմաստով կարելի է փոփոխություններ ակնկալել քաղաքական դաշտում:

Իշխանափոխության առումով հետաքրքիր է մեջբերել Փաշինյանի խոսքերը. ՛՛այս իշխանությունը այլևս չի լինելու իշխանություն և մենք շատ կարևոր ենք համարում, որ այս պարտավորությունը ոչ միայն հայտարարենք, այլև հետևողական, համբերատար, հաշվարկված և ճշգրիտ քայլերի արդյունքում կարողանանք հասնել դրա լուծմանը՛՛:

Այս խոսքեիրց չի երևում՝ արդյո՞ք նրանք պատրաստ են գնալու իշխանափոխության ընտրական ճանապարհով, թե՞ կնախընտրեն մասնակցային այլ ձևեր, ասենք՝ ոչ օրթոդոքսալ ձևը, որը ենթադրում է բունտեր, երթեր, ցույցեր:

Վերը բերված խոսքերը լավագույնս ցույց են տալիս նոր ստեղծվող քաղաքական ուժի (թեև միությունը կոչվում է քաղաքացիական, սակայն ներկայումս պայմանականորեն կանվանենք քաղաքական ուժ, որովհետև հայտարարված նպատակները զուտ քաղաքական են): Պետք է նաև ռեսուրսները ճիշտ գնահատել և ըստ այդմ վերցնել պատասխանատվության որոշակի չափաբաժին:

Ակնհայտ է դառնում, որ ձևավորվող շարժումը դեռևս ասոցացման խնդիր ունի, դեռևս պետք է հստակեցվի դաշնակիցների դաշտը, հանրային աջակցությունների մակարդակը, իրենց իսկ համար էլ հստակ չէ՝ արդյոք կկարողանան վերցնել պատասխանատվություն և գնալ կտրուկ քայլերի:

Հենց դրա մասին նաև ակնարկեց Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, որ չեն համալրի այն ուժերի շարքը, որոնք մի բան խոստանում են, իսկ հետո փորձում բացատրել, թե ինչու այդպես չեղավ։ Սրանով նա հասկացրեց, որ իրենք որևէ արմատական կտրուկ փոփոխությունների իմաստով խոստում չեն տալիս՝ դրանով լուծելով նախ շարժման պատասխանատվության հարցը:

Բայց մյուս կողմից էլ, այս նախաձեռնությունը կարող է էլ ավելի ֆրագմենտացնել ընդդիմադիր դաշտը, որն առանձնապես չի փայլում միատարրությամբ և միասնականությամբ: Այս առումով խնդիրներ կարող են առաջանալ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ միավորման քաղաքական կյանք մուտքի տեսանկյունից, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները, հատկապես ՀԱԿԿ-ը, կարող են ուղղակի կամ անուղղակի ձևերով ՛՛չլեգիտիմացնել՛՛ այն:

Արման Սահակյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ