28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

2018-ի ապրիլը իշխանազավթման հերթական փուլն է լինելու. Ր. Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ համագումար էր հրավիրել: ««Ժառանգությունը» երբեք չի փոխվել՝ անկախ նրանից պաշտոն ունեցել ենք, թե չենք ունեցել, խորհրդարանում եղել ենք, թե չենք եղել, մենք միշտ եղել ենք հայ ժողովրդի կողքին, հանիրավի բանտարկված հայրենակցի կողքին: Մեզ չի հրապուրում կամ զարմացնում մի պաշտոն, որպեսզի մենք գնանք ու ինչ-որ մի կոճակ սեղմենք»,-ելույթում ասել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հավելել է, որ իրենք շարունակելու են իրենցհամեստ ծառայությունը հայ ժողովրդի և հայոց պետականության նկատմամբ:

«Կարելի է ընկնել, բայց մենք ծնկողը չենք: Սա քաղաքական ուղղակի հրամայական է, որ մենք՝ հասարակությունը, քաղաքական ուժերը խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, պետք է միացնեն իրենց ուժերն ու կարողությունները ավելի լավ, զորեղ Հայաստան ունենալու համար: Հայաստան, որտեղ նվազագույնի է բերված անարդարությունը, աղքատությունն ու արտագաղթը»,-ասել է Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է նաև նախորդ նախագահական ընտրություններից հետո «աղոթքի հեքիաթին».

««Աղոթքի հեքիաթ»: Մի խնդիր, որի համար ես քննադատվում եմ, բայց ես ունեմ հավատամք. հայը հայի արյուն հայրենի հողի վրա չի թափելու, և ոչ մի աթոռ չարժե հայի, մարդու մի կաթիլ արյուն: Մենք որոշեցինք պայքարը երկարատև դարձնել, ոչ թե գնալ փոխադարձ մահաբեր գործողությունների»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ իրենք կհամագործակցեն կառավարության ծրագրին դեմ քվեարկած ուժերի հետ՝ «Ելք»-ի և ԲՀԿ-ի. «ԱԺ-ում ունենք իշխանական կոալիցիա և երկու ընդդիմադիր խմբակցություն։ Նրանք, որոնք դեմ քվեարկեցին կոալիցիայի կառավարության ծրագրին, պիտի համարենք ընդդիմություն և համագործակցենք նրանց հետ։ Պետք է նրանց ձեռք մեկնենք, հրավիրենք՝ մեծամտությունից դուրս, կոճակ սեղմելուց դուրս : Թող հասկանան, որ ժամանակավոր է այդ ամենը»:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով համագումարի հռչակագրին, որտեղ խոսվում է նաեւ թավշյա հեղափոխության մասին՝ նա նշել է. «Ես դա մեկնաբանում եմ որպես սահմանադրական հեղափոխություն, այսինքն այն հեղափոխությունը, որը տակավին Հայաստանում չի եղել, այն, որ պետք է ժողովրդի ճնշմամբ իրացնի սահմանադրությունը, քանի որ ընտրական գործընթացներով կամ չընտրական գործընթացներով այդ հարցը չի լուծվում։ Դրա համար ես համարում եմ, որ այդ զեյրույթը ենթադրում է հասարակության ակտիվ մասնակցություն»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ դա տեղի ունենա 2018-ի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը որոշելու է՝ մնում է իշխանության, թե ոչ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո, կարող է առաջին հերթին ուղղված լինի 2018-ի ապրիլին։ Ես ասել եմ, որ չեմ կարող մտնել այդ մարդու մտքի մեջ, որովհետեւ նա ահագին փոխվել է։ Նա եղել է ազատամարտիկ, կանգնել է մեր հերոսական տղաների կողքին, մատակարարել է, նաև հպարտանալու առիթ ունեցել է, բայց ինչ է փոխվել այդ մարդու մեջ, ես չգիտեմ, որ հիմա դիմել է ընտրակեղծարարության»։

Րաֆֆի Հովհաննիսյանը հավանական է համարում տարբեր փուլերում մարդկանց փողոց հանելու տարբերակը. «Դատարկ բան չեմ ուզում ասել, բայց այն, որ ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ այո, հերթական անգամ պարտվեցինք, բայց այդ անհաջողությունը պետք է հաղթահարենք։ Իսկ հաղթահարելու համար ոչ թե պետք է գնալ երկրից, այլ մնալ ու պայքարել։ Մենք սովոր ենք մեր բոլորի ցանկության համապատասխան մի քանի օր, մի քանի գիշեր պայքարել, որ վերջապես ունենանք մեր ուզած հանրապետությունը»։

Նրա խոսքով, 2018-ի ապրիլը իշխանազավթման հերթական փուլն է լինելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ