26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով ուզում է հավիտենական կյանք մտնել

Այստեղ մեզ պետք է հառաչանքի ողբ և ջերմեռանդ արտասուք, բայց դու, ո՛վ սիրելի, արթուն եղիր, զգույշ մնա և զգաստ, մի ասա այն, որ քո հոգու համար բարի չէ, և մի՛ լսիր այն, որ ընդունելի չէ Աստծուն: Արդ, ով ուզում է հավիտենական կյանք մտնել, պիտի ատի աշխարհի կյանք, ով բաղձա անանց փառք, այստեղ պիտի հրաժարվի անցավոր փառքից:

Ով ցանկանում է դրախտի փափկություն, այստեղ չփափկանա մարմնով:

Ով սրտանց սիրում է Տեր Հիսուսին, այստեղ անբաժան պիտի մնա նրանից անարատ սրբությամբ:

Ով շտապում է մտնել լույսի առագաստը, այստեղ պիտի վերցնի ողորմության յուղը:

Ով վախենում է անվախճան որդերից, այստեղ ատամներով չպիտի խածոտի իր եղբորը:

Ով զարհուրում է բորբոք կրակից, այստեղ իր միջից պիտի մարե նախանձի ու ցանկության բոցը:

Ով սոսկում է անշեջ հրից, այստեղ թող հուրը:

Ով վախենում է աչքերի լալուց և ատամների կրճտելուց, այստեղ չցամաքեցնի արտասուքի վտակները:

Ով սարսում է աններելի տանջանքներից, այստեղ լա անդադար, գիշեր ու ցերեկ:

Ով կամենում է երկար ուղիղ ճանապարհ գնալ, այստեղ պատրաստի պաշարը` լի և առատ:

Ով ուզում է անդատ ու անդատապարտ մնալ դատարանում, այստեղ չդատապարտի իր եղբորը:

Ով իր Տիրոջը բյուր քանքարի պարտք ունի, այստեղ բաշխի իր եղբորը հարյուրավորը:

Ով ուզում է դևերի չարությունից անցնել երկինք, այստեղ պիտի խնդրի իր Տիրոջից օգնություն:

Ով պայծառ պսակներ է ցանկանում, այստեղ վշտերին պիտի համբերի Հոբի նման:

Ով ուզենա ազատվել բոցածավալ ծովից, այստեղ իր աչքերը պիտի ծովացնի արտասուքով:

Ով կամենա անվնաս ոտնատակ տալ հրեղեն գետը, այստեղ բազմացնի ողորմությունը:

Ով ուզում է մտնել անվրեպ վայելչության մեջ, այստեղ չծուլանա տեսակցության գնալ հիվանդներին:

Ով տրամադիր է երանավետ ձայնը լսելու` «Ազնիվ ծառա, բարի և հավատարիմ» (Մատթ. 25։21), այստեղ իր ականջները չխցի խնդրողների առջև:

Ով ուզի խմել կյանքի աղբյուրից, այստեղ կարոտ մնա մի գավաթ գինու:

Ով ցանկանում է կուսական պսակ, այստեղ մաքուր ու անμիծ մնա աղտեղություն տեսնելուց:

Ով ուզի մտնել անտրտում հարսանիք, այստեղ պատրաստի հարսնարանի հանդերձանք:

Ով ուզենա լսել փողի քաղցր ձայնը, այստեղ կարոտյալների ձայնը չանտեսի:

Ով ախորժում է Տիրոջն ընդառաջ վերանալ օդի ամպերով, այստեղ թող ընդառաջ գնա աղքատներին:

Ով զարհուրում է իր Տիրոջ խոսքից, երբ ասում է` «Ծառա չար և վատ» (Մատթ., 25։26), այստեղ արիանա ի հաճույս Տիրոջ:

Ով ակնկալում է իր Տիրոջ գալուստը հարսանքին` այստեղ արթուն է մնում երեկոյան և կեսգիշերին, և հավախոսին և առավոտյան, այսինքն` մանկությանը, երիտասարդությանը և ծերությանը, և նրան փառք հավիտյանս. ամեն:

Հովհաննես վարդապետ Գառնեցի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ