25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հոդված՝ «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները»

Թեքեյան Կենտրոնում բացվել է բացառիկ ցուցադրություն՝ մոսկվաբնակ հայ նեյրովիրաբույժ, ջրասուզակ եւ լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի հեղինակած «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որն իրականություն է դարձել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ Photo.Podium.com ինտերնետային ռեսուրսի համագործակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված վաթսունվեց աշխատանքներն իրենց պատկերներով եւ գեղարվեստական անվանումներով վկայում են հեղինակի բազմակողմ զարգացության մասին:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի՝ Մշակույթի բաժնի վարիչ Իրինա Կասացկայան, արվեստագետներ, արվեստասերներ:

 

Ողջունելով ներկաներին, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը մասնավորապես նշեց. «Սերգեյ Գասպարյանն այն հեղինակներից է, ում աշխատանքները պատիվ կբերեն աշխարհի ցանկացած ցուցասրահի: Հպարտ եմ, որ այս լուսանկարների հեղինակը մեր հայրենակիցն է եւ նաեւ հավատացած եմ, որ շուտով նա Հայաստանում մասնակից կդառնա այլ հետաքրքիր ծրագրերի»:

 

Փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով, նմանօրինակ ձեռնարկի կազմակերպումն ուշագրավ է նաեւ այն առումով, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մտադիր է Հայաստանում զարգացնել ջրին առնչվող մշակույթի ներկայացման մեթոդները եւ առաջիկայում նախատեսում է Սեւանա լճում ստորջրյա թանգարան բացել, ինչը կնպաստի ներքին զբոսաշրջության զարգացմանը: «Հուսով եմ, որ առիթ կունենանք այդ կապակցությամբ Սերգեյ Գասպարյանին Հայաստանում տեսնելու, եւ հաջորդ ցուցահանդեսներն արդեն հարստացած կլինեն հայաստանյան պատկերներով»:

 

Իրինա Կասացկայան, շնորհավորելով հեղինակին եւ ցուցահանդեսի կազմակերպիչներին, ցանկություն հայտնեց, որպիսի այս յուրօրինակ ու տպավորիչ ցուցադրությունը լինի շարունակական եւ ներկայացվի այլ քաղաքներում, ինչին հնարավորինս կօժանդակի Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը:

 

Ցուցահանդեսի համադրող, Photo.Podium.com ինտերնետային ռեսուրսի հայաստանյան ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը, ներկայացնելով հեղինակին, հավելեց. «Նա սկսեց լուսանկարել իր կյանքի դժվար պահին եւ այլեւս չդադարեց. շատ է ճամփորդում, նկարում է ու ամեն նկարին լիրիկական մոտեցում է ցույց տալիս: Հատկանշական են լուսանկարների անվանումները, որոնք խոսում են նրա երեւակայության, կատակասիրության, աշխարհի մարդ լինելու մասին»:

 

Հ.Գ.՝ Սերգեյ Գասպարյանը ծնվել է 1953թ. Մոսկվայում, բժիշկների ընտանիքում: Կրթությամբ եւ մասնագիտությամբ նեյրովիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր: 35 տարի աշխատում է Ռուսաստանի առաջատար եւ համաշխարհային ճանաչում ունեցող ՌԲԳԱ-ի Ն.Ն.Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես վիրահատության բլոկի բաժնի պետ:

 

Ամբողջ ազատ ժամանակը նվիրում է լուսանկարչությանը. լինելով նաեւ փորձառու ջրասուզակ, կարողանում է պատկերել ծովերի եւ օվկիանոսների ստորջրյա հրաշալիքները: Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության (լուսանկարչության բաժին) անդամ է, մոսկովյան ժամանակակից լուսանկարչական ոլորտի ակտիվ մասնակից: Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների Երեւանում, Գյումրիում, Թբիլիսիում, Մոսկվայում, Ս.Պետերբուրգում, Մինսկում. արժանացել է մրցանակային տեղերի:

 

 

«Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» լուսանկարչական ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում բաց կլինի մինչեւ ս.թ. փետրվարի 7-ը /մուտքն ազատ է/:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ