«Ուսուցիչը մեր հասարակության կերտողն է»
Ռ.Մուրադյանի հոկտեմբերի 4-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Ուսուցիչը հանրային արժեք է: Այսպիսին է մոտեցումը բոլոր այն երկրներում, որտեղ գրանցված են մեծ հաջողություններ կրթության ոլորտում:
Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի տոնն է, և այն նշվում է աշխարհի 100-ից ավելի պետությունններում՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Դանիայում և այլն:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։ Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Այս իմաստությունը արդիական է նաև մեր օրերում: Այն իր մեջ խտացնում է ուսուցչի աշխատանքի սոցիալական ու մարդասիրական ողջ իմաստը և
ներկայացնում ուսուցչին որպես հասարակության, հետևաբար և ազգի ստեղծագործ ուժ: Շատ կարևոր է մեր ուսուցիչների ազդեցությունը մեզանից յուրաքանչյուրի կյանքում:Ուսուցիչը մարդկության առջև կանգնած մարտահրավերների դիմակայողն է, մարտահրավերներ, որոնք բխում են անընդհատ փոփոխվող արժեքային համակարգից, որոնք գալիս են բարոյական դաստիարակության պակասից:Ուսուցիչը իր արժեքավոր նպաստն է բերում մեր պետության քաղաքացու ձևավորմանը. քաղաքացի, որ կարող է պայքարել իր ազգի և իր պետության անվտանգության համար, քաղաքացի, ով կարող է պայքարել իր պետության զարգացման համար, պայքարել՝ հաղթելով պատերազմներում, տարբեր հարթակներում՝ թե սպորտային և թե կրթական, հաղթել արժանապատվորեն:Ուսուցիչը մեր հասարակության կերտողն է, այն հասարակության, որտեղ մթնոլորտը պետք է լցված լինի բարությամբ, կամեցողությամբ, ստեղծագործականությամբ, առողջ քննադատությամբ և մրցակցությամբ՝ հանուն առաջընթացի:
Եվ այս ամենը պատվով կատարելու համար շատ կարևոր է, որ մենք բոլորս ուսուցչին վերաբերվենք որպես հանրային արժեք, և ուսուցչի հեղինակությունը բարձր պահելը ոչ միայն իր՝ ուսուցչի, այլ նաև մեզանից յուրաքանչյուրի պարտքն է: Այս ուղղությամբ դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու, բայց անկախության 25 տարիների մեր ձեռքբերումները թույլ են տալիս ասելու, որ մեր երկրի վարած քաղաքականությունը այդ ուղղությամբ ճիշտ ուղու վրա է: Անկախության սերունդ դաստիարակող, հերոսներ կերտող ուսուցիչնե′ր, Ձեր տոնը շնորհավո′ր, մեր խորին խոնարհումը Ձեզ, Ձեր մասնագիտությանը, որն ինքնին առաքելություն է: