Ահազանգ. քացով խփել են զինվորի աչքին, ջարդել քիթը ու ծանր վիճակում թողել հիվանդանոցում
«Հունիսի 4-ին քթի ջարդվածքով և աչքի սուր վիրավորում ստանալով` զինծառայող Սիմոնյան Լենդրուշը, Մեղրիի Ագարակի զորամասից տեղափոխվել է Երևանի Մալայան բժշկական կենտրոն: Տեղափոխելուց հետո ոչ ոք տեղյակ չի պահել զինվորի ծնողներին կամ հարազատներին: Թողնելով հիվանդանոցում հեռացել են: Անհայտ պայմաններում ստացել է աչքի և քթի վնասվածք: Զինվորը հունվարին էր զորակոչվել բանակ` ուսումը կիսատ թողնելով: Սովորում էր ՀՊՄՀ ռազմական հոգեբանոթյան ֆակուլտետում: Նա հավասարակշռված, հանգիստ բնավորության տեր անձնավորություն է: Դա կարող են փաստել նրան ճանաչողները:
Մեղրիից տեղափոխելով Երևան` նրան տարել են հիվանդանոց և հեռացել` գրպանում թողնելով հեռախոսահամար` անհրաժեշտության դեպքում զանգահարելու համար: Սակայն մինչև հիմա ոչ ոստիկանությունից, ոչ զորամասից, ոչ լրագրողներից, ոչ ոք չի գնացել տեսնելու զինվորին: Քանի որ ոչ ոք չգիտի կատարվածի մասին: Ոչ մի ուշադրություն չի դարձվում:
Քառօրյա պատերազմի ընթացքում և հետո զինվորներին հերոսացնում էին, իսկ հիմա անուշադրության մատնում : Սրանից կարելի է եզրակացություն անել , որ զորամասերից շատերում շատ թաքցնելու և կոծկելու բաներ ունեն: Կոչ կանեմ բոլորին լուռ մի մնացեք…»,-Henaran.am-ի խմբագրությունն այս բովանդակությամբ նամակ է ստացել Ալինա Աբրահամյանից:
Ավելի ուշ Լենդրուշ Սիմոնյանի ուսուցչուհու հետ զրույցում պարզեցինք, որ նա զորակոչվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից:
«Հրաշալի, կիրթ տղա է ու ես չեմ կարողանում զսպել հուզմունքս: Ոնց կարելի է, պատերազմի ժամանակ զինվորներ ենք կորցրել ու սգացել, բայց հիմա… ու հայրենակցի մեղքով: Քացով խփել են աչքին ու հիմա տղան ծանր վիճակում է»,-մեզ հետ զրույցում պատմեց Գոհար Գրիգորյանը:
Լենդրուշ Սիմոնյանի առողջական վիճակի և դեպքի հետ կապված մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ: