26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուսանողներն ապրեցնում են սպարապետին

Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպել էին մանկավարժական համալսարանի ուսանողների այցելություն սպարապետի թանգարան եւ Վ. Սարգսյանի անվան զորամաս։

ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ Վոլոդյա Գասպարյանը նշեց, որ այս այցելություններն ունեն դաստիարակչական, ռազմահայրենասիրական եւ քարոզչական նշանակություն։ ՙՎազգեն Սարգսյանի կերպարով եւ գործունեությամբ մենք դաստիարակում ենք մեր ապագա սերունդներին։ Մենք պետք է ապրեցնենք սպարապետի գործն ու պատգամները։ Վ. Սարգսյանը մի առիթով ասել էր՝ պատերազմում տվել եմ այն ամենը, ինչ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն, եւ մենք պետք է կարողանանք պատերազմում ձեռք բերած հպարտությունը պահպանել ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման՚,- նշեց Վոլոդյա Գասպարյանը։

Պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենց բուհի ուսանողներն ամեն տարի մարտի 5-ին այցելում է Վ. Սարգսյանի թանգարան։ Նա կարեւորեց, որ հատկապես ապագա մանկավարժներն են հանդես գալիս նման նախաձեռնությամբ, քանի որ հենց նրանք են, որ վաղը դաստիարակելու են աշակերտական սեղանների առջեւ նստած երեխաներին ու նրանց փոխանցելու սպարապետի պատգամները։

Վ. Սարգսյանի թանգարանի փոխտնօրեն Երանուհի Մուսիկյանը, որ նաեւ սպարապետի զարմուհին է, երիտասարդներին ծանոթացրեց սպարապետի կյանքին, գործունեությանը, թանգարանի ցուցանմուշներին։ Նա հիշեց, որ սպարապետն ինքն իր ծննդյան օրը չէր սիրում, ասում էր՝ ծնունդը կանանց ու երեխաների համար է, եւ իր ծննդյան տարեդարձին տուն էր գալիս շատ ուշ, երբ բոլոր հյուրերը գնացած էին լինում։

Վ. Սարգսյանի անվան զորամասում մանկավարժական համալսարանի ուսանողները հանդես եկան համերգային ծրագրով, զորամասի գրադարանը համալրեցին շուրջ 150 անուն գրքով, ինչպես նաեւ պարգեւատրեցին լավ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ