26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օտարերկրյա և անողոք բիզնեսը ընդդեմ Երևանի պատմական արժեքների

Փետրվարի 10-ին Հայաստանի Կառավարությունը հարկադրված չեղյալ հայտարարեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի որոշումը: Ինչու հարկադրված, քանի որ ընկերությունը, խախտելով պայմանագրի կետերը, չի փոխանցել գործարքի գումարը `այսպիսով հուսախաբ անելով կառավարությանը: «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ», սա այն անհայտ ընկերությունն է, որին դեռ անցյալ տարի կառավարությունը պատրաստ էր վստահել մարզահամերգային համալիրի ճակատագիրը` առանց մրցակցության վաճառելով համալիրը ինքնարժեքից երկու անգամ ավելի էժան: Համալիրը վերածվելու էր մեծ հաշվով շուկայի և խաղատան: Եվ այս ամենը այն վայրում, որտեղ հիշում և սգում են Մեծ Եղեռնի զոհերին: Ընկերությունը ստեղծվել էր գործարքից ընդամենը մի քանի օր առաջ և գրանցված էր մասնավոր բնակարանի հասցեում: Զարմանալի է այն փաստը, թե ինչպես է կառավարությունը վստահել այդ անհայտ ընկերությանը ժողովրդի կողմից սիրված և մշակութային արժեք ունեցող օբյեկտը:

Մեկ այլ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտի ճակատագիրը գտնվում է կառավարության ձեռքերում և յուրաքանչյուր պահին կարող է զոհ դառնալ օտարերկրյա գործարարի ձեռքերում: Խոսքը գնում է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի մասին: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը հանդիսանում է Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաշենքի սեփականատերը կառավարության որոշման հ իման վրա ստացել է թույլտվություն նոր մասնաշենքը ընդլայնել` քանդելով հին մասնաշենքի էստակադան: Սակայն, հանրության պահանջից ելնելով, կառավարությունը որոշեց քննարկել այդ հարցը ճարտարապետների հետ:

Թե Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի և թե Զվարթնոց օդանավակայնի դեպքերում մենք գործ ունենք ռացիոնալ կապիտալիստական հաշվարկների և անողոք բիզնեսի հետ: Նույն սկզբունքով մեկը մյուսի հետևից ոչնչացվեցին հին Երևանի փողոցները (Բյուզանդի և Արամի փողոցների շենքերը), և այսօր մենք ականատես ենք դառնում, թե ինչպես են վերանում Երևանի արժեքները: Մեր սփյուռքահայ բարեկամները` մասնավորապես բարեգործ-գործարարները, որոնք հաճախ հանդես են գալիս հայրենասիրական ճառերով, այսօր փորձում են ոչնչացնել Երևանի պատմական վայրերը: Իմ կարծիքով որքան կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Զվարթնոցի ապամոնտաժման որոժումը, այնքան էլ արգենտինահայ գործարար Էռնեկյանը հրաժարվի իր նպատակից և քանդելու փոխարեն վերականգնի Զվարթնոցի հին մասնաշենքը, ինչպես որ ի սկզբանե նշված է եղել կառավարության հետ պայմանագրի մեջ:

Ամբողջ զարգացած աշխարհը պահում և պահպանում է իր պատմությունը, և միայն Հայաստանում կարելի է տեսնել թե ինչպես են վայրենաբար ոչնչացվում հնությունը: Եկել է ժամանակը, որպեսզի երիտասարդ սերունդը տեր կանգնի իր պապերի և տատերի հուշերին, տեր կանգնի իր ապագային, որը չի կարող լինել առանց ամուր անցյալի:

Արման Ղուկասյան` Հանուն օրենքի հասարակական շարժման համակարգող խմբի անդամ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ