29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

«Մի կաթիլ մեղրի» ծավալը

12642875_1748927982006528_5044911949817727757_n

Ծանոթացա «Խմբագրի կողմից լրագրողին իր աշխատանքից հեռացնելը` քաղաքական հայացքների համար վերտառությամբ հայտարարությանը», որտեղ «Լրագրողների միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն փաստացիորեն կեղծ տեղեկատվություն է տարածել` հրապարակման հիմք դարձնելով ոչ թե փաստերի շարադրանքն եւ առնվազն երկկողմանի տեղեկատվության քննությունը, այլ «հայտնի է դարձել», «ակնհայտ է» գուշակող ձևակերպումները:

Իսկ որտեղից է վերոնշյալ ՀԿ-ին «ակնհայտ դարձել» , ով է ինֆորմացիա տրամադրող աղբյուրը, եթե խմբագիրն այս մասին տեղեկատվություն չի հրապարակել: Թեմայի շուրջ հոդված է հրապարակվել Հրապարակ օրաթերթում, որի հիման վրա էլ/քանի որ որևէ այլ տեղեկատվություն չի շրջանառվել այս հարցի շուրջ/ ըստ ամենայնի` հրապարակվել է հայտարարությունը:

Որպեսզի հետագայում խուսափեմ մեղադրանքների տեսքով ներկայացվող հրապարակային դիլետանտիզմից և «մի բաժակ ջրում փոթորիկ անելու», սեփական վարկանիշը կայացնելու սկանդալային մղումներից, որոնք համոզված եմ, «կրակ բորբոքելու» սիրահարների գրպանում են, պարզաբանում եմ.

Մինչ օրս չեմ մեկնաբանել լրագրող Լիլիթ Լալայանի աշխատանքից ազատումը, քանի որ չեմ ցանկացել հանրայնացնել աշխատանքային այն հարաբերությունները, որոնք յուրաքանչյուր աշխատավայրի ներքին կանոնակարգման հարցերն են:

Նաեւ ելնելով գործընկերային եւ բարոյական չգրված սկզբունքներից, որոնք հանրության սեփականությունը դարձնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, դրանք պարզապես մեր ներսում կամ կան, կամ չկան: Այս պահին էլ զերծ եմ մնում  հրապարակել խմբագրության վարքականոնի այն կետերը, որոնց խախտման արդյունքում Լիլիթ Լալայանն ազատվել է աշխատանքից:

Մեդիադաշտում խմբագրությունից խմբագրություն լրագրողների հոսքը սովորական երևույթ է եւ ժամանակ առ ժամանակ ինչպես Հենարանից, այնպես էլ մյուս ԶԼՄ-ներից կադրերի հոսք լինում է: Կարիք չկա սենսացիա որոնել եւ քաղաքական ենթատեքստ փնտրել այնտեղ, որտեղ այն չկա: Հայտարարության «լինում է, չի լինում»-ի  շարադրանքը պարզապես զարմանք է առաջացնում, թե եթե լրագրողը աշխատանքից հեռացվել է այսինչ օրը, իսկ դրան նախորդել է այսինչ իրադարձությունը, հետեւաբար ակնհայտ է, որ …

Հստակ է` հեղինակները կամ գործից չեն հասկացել, կամ միտում ունեն:

Ի դեպ, Լիլիթ Լալայանից առաջ, նրա հեռացման հետ միաժամանակ մեզ մոտ աշխատանքից այլ լրագրողներ էլ են ազատվել: Կարծում եմ իրավապաշտպան ՀԿ-ի համար պատվաբեր կլիներ նախ հետաքննել, ապա վերլուծել, այնուհետև ոչ թե ենթադրել ու սեփական տրամաբանության ոլորաններում խճճվել, այլ ապացուցել` արդյոք  խախտվել կամ խախտվում են լրագրողների իրավունքները, որոնք աշխատել եւ շարունակում են աշխատել Henaran.am-ում: Այլապես իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը վնասում է բոլոր այն կառույցների եւ ազնիվ մղումներով իրավապաշտպանների հեղինակությունը, որոնք իսկապես մարդու իրավունքի իրացմամբ մտահոգ են եւ ճշմարտության համար են պայքարում:

Հ. Գ. Հայտարարության մեջ ակնարկվում է խմբագրի քաղաքական հայացքների մասին: Երբեւիցե գաղտնի չեմ պահել եւ Հենարանում աշխատանքի անցնող բոլոր լրագրողներն էլ գիտեն, որ ես «Հանրապետական» Էդուարդ Շարմազանովի կինն եմ: Հպարտ եմ եւ շնորհակալ եմ Աստծուն ամուսնուս համար: Կխնդրեի «աջաբսանդալ» չսարքել եւ խուսափել ընտանիքի եւ անձնական կյանքի իրավունքների դեմ ոտնձգությունից: Ինչ վերաբերում է հայացքներին. փորձում եմ առաջնորդվել մի գաղափարախոսությամբ` քրիստոնեական:

Henaran.am-ի խմբագիր Լիլիթ Դավթյան: 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ