20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ամենախելացին» Երևանի էլիտար դպրոցից չէ

Henaran.am-ի զրուցակիցը «Ամենախելացին» հեռուստանախագծի քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ փուլերը հաղթահարած և եզրափակչում հայտնված Վոլոդյա Մազմանյանն է: Վոլոդյան Երևանի էլիտար թանկարժեք կրթօջախի աշակերտ չէ. սովորում է Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում: Փայլուն գիտելիքներ, կազմակերպվածություն, մտքի ճկունություն ու սրություն, աշխատասիրություն. սա է հաջողության գրավականը: «Ամենախելացին» նախագծին մասնակցելուց հետո հրավեր ստացավ մասնակցելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղին:

-Վոլոդյա, ո՞րն էր նախագծի ամենահիշարժան պահը:

-Իհարկե, այն պահը, երբ հանձնեցին կրծքանշանը. մեկ քառորդ եզրափակիչը չափազանց բարդ ու լարված էր: Մինչև խաղի վերջ ամեն ինչ ինձ համար առկախ էր, անորոշ:

-Ինչպե՞ս ես վերաբերվում մրցակիցներիդ:

-Նրանց երբևէ չեմ թերագնահատել: Կարևորում եմ նաև բախտի, հաջողակ լինելու գործոնը:

-Հեռուստադիտողը անգամ ամենալարված պահերին քեզ մոտ տագնապի, անհանգստության նշաններ չնկատեց: Ինչպե՞ս կբացատրես:

-Անկեղծ ասած, և՛ հուզվում եմ, և՛ լարվում, սակայն տարօրինակ մի զորությամբ կարողանում եմ տիրապետել ինձ: Կիսաեզրափակիչ փուլում հուզմունքս գրեթե բացակայում էր, դա թերևս պայմանավորված էր  նրանով, որ նախորդ փուլում արդեն կուտակված որոշակի փորձ կար: Անկեղծ ասած, ինքս էլ զարմացա, թե որքան արագ , հանգիստ էի արձագանքում, պատասխանում հարցերին կիսաեզրափակիչում:

Մտածում եմ, որ դպրոցում կարելի է կազմակերպել նմանատիպ խաղ՝ հիմքում ունենալով  թե՛ համաշխարհային, թե՛ հայկական նմանատիպ նախագծերի փորձը՝ ստեղծագործական մոտեցմամբ:

-Ե՞րբ ես հասցրել այդքան գիտելիք կուտակել: 

-Տպավորությունն այնպիսին է, թե ես միայն սովորում եմ, կարդում, բայց իրականում ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ: Սիրում եմ ֆուտբոլ . «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի երկրպագուն եմ: Հաճույքով եմ մասնակցում դպրոցում կազմակերպվող միջոցառումներին:

Մեծ ոգևորությամբ մասնակցեցի «Պուշկինի մտքի և հոգու տիրուհիները» միջոցառմանը՝ ներկայացնելով 19-րդ դարի մտավորական ազնվականի տիպիկ կերպարը: Որքան ինձ հիշում եմ, մշտապես միջոցառումների, մրցույթների թոհուբոհում եմ եղել:

-Հաջողության գրավականը մեծ երազանք ունենալն է, մեծերն են այդպես ասում: Փոխվե՞լ են երազանքները:

-Մանկուց երազում էի բժիշկ դառնալ, բայց երկու տարի առաջ մտադրությունս կտրուկ փոխեցի և հիմա երազում եմ դառնալ դիվանագետ:

-Ինչո՞ւ  դիվանագիտություն:

-Ուսումնասիրելով պատմության փորձը՝ հասկացել եմ, որ մեր ժողովրդին անհրաժեշտ է պետական մտածողություն, պետականությունը ամեն ինչից բարձր դասելու անհրաժեշտություն: Հասկացել եմ, որ հայը միշտ էլ եղել է լավ զինվոր, մտավորական, գիտնական, բայց դիվանագիտության մեջ ունեցել է բացթողումներ:

-Ի՞նչ ուղերձ  ունես հասակակիցներիդ: 

-Նրանք հետաքրքիր են, ինքնատիպ, բայց երբեմն պակասում է ձգտումը: Իմ հասակակիցներին կմաղթեի թեթև, բայց ոչ թեթևամիտ վերաբերմունք կյանքի նկատմամբ:

f115fe5d-65b1-4c3b-9112-6914a626ef4a 2ba5e0d7-f398-4555-98da-8ff385a3bb01 6ee73098-7502-4aa5-84b9-0e6c89e5ea62 f115fe5d-65b1-4c3b-9112-6914a626ef4a

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ