26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը` Գրադարանավարի օրվա առթիվ

«Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Գրադարանավարի օրվա առթիվ:

Այսօր բոլոր նրանց տոնն է, ովքեր սիրում են գիրքը՝  գիրք գրողների, այն պահպանողների եւ ընթերցողների տոնը:

Մինչեւ հրատարակվելը գիրքը գրողի սեփականությունն է, լույս տեսնելուց հետո դուք դառնում եք այն պահպանողն ու տարածողը: Գրադարանների ընթերցասրահներում բազմանշանակ ու խորիմաստ լռություն կա, որը դաստիարակում է ու կրթում, գիտելիք տալիս ու մտածել սովորեցնում: Դուք, այդ լռությանը լեզու տալով, անմիջական երկխոսություն եք ստեղծում գրքի ու ընթերցողի միջեւ, որն ավանդաբար երբեք չի ընդհատվում:

Այսօր գրադարանները դարձել են նաեւ տարբեր մշակութային միջոցառումների, այդ թվում՝ գրքի շնորհանդեսների անցկացման սիրված վայրեր: Գրադարանային գործը արդիականացման գործընթացում է, իսկ գրադարանավարի աշխատանքը ընդլայնում է իր բովանդակությունը, սակայն, երբեք չի կորցնում իր նշանակությունն ու արժեքը: Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցակության միջոցների սրընթաց զարգացմանը՝ գիրքն ինքը երբեք չի կորցնում իր արժեքը եւ մնում է գիտելիքի անփոխարինելի աղբյուր, իսկ գրադարանավարը՝ ընթերցողի հավատարիմ աջակիցը:

Համոզված եմ, որ ձեր անգնահատելի աշխատանքը կշարունակի նպաստել մարդկանց եւ մշակույթի ու արվեստի շփմանն ու մերձեցմանը, քաղաքացու եւ հատկապես աճող սերնդի դաստիարակությանն ու նրանց մեջ համամարդկային արժեքների սերմանմանը:

Շնորհակալություն հայտնելով մասնագիտությանն անշահախնդիր նվիրվածության, քրտնաջան ու համբերատար աշխատանքի, գիրք սիրելու եւ այն քարոզելու, ընթերցողին մշտապես օգտակար լինելու ձգտումի համար՝ մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ