08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահը հաջողություն է մաղթել “Թենիսի տապան-2012”-ին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “Թենիսի տապան-2012” թենիսի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ:

Պատվիրակության մեջ ամենատարբեր մասնագիտության տեր անձինք են` քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, տիեզերագնացներ, զինվորականներ, բժիշկներ, լրագրողներ, արվեստի եւ սպորտի բնագավառների ներկայացուցիչներ:

Նախագահը ողջունել է հյուրերին եւ կարեւորել մրցաշարը երեւանում անցկացնելու՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի, Տիեզերագնացների թենիսի ակումբի ու մրցաշարի մյուս կազմակերպիչների նախաձեռնությունը: Հասարակության մեջ մեծ հարգանք վայելող անձանց մասնակցությամբ նման միջոցառումները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծապես նպաստում են պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը:

 Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Կոնստանտին Զատուլինի անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում:

Հանդիպմանը ներկա ՌԴ պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ թենիսի միջազգային մրցաշարը Երեւանում անցկացնելու գաղափարը սատարելու եւ այն Նախագահի բարձր հովանու ներքո անցկացնելու համար:

Կոնստանտին Զատուլինը նշել է, որ արդեն ավանդական դարձած սիրողական մակարդակի նման մրցաշարերի անցկացումը նպաստում է ժողովուրդների բարեկամությանն ու տարբեր մասնագիտության տեր անձանց միջեւ սերտ կապերի հաստատմանը: Նա տեղեկացրել է նախագահ Սերժ Սարգսյանին, որ այսօր կազմակերպական բարձր մակարդակով եւ հաջողությամբ են մեկնարկել մրցաշարի առաջին օրվա խաղերը:

“Թենիսի տապան-2012” մրցաշարին մասնակցող ՌԴ պատվիրակության անդամները Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանը պայմանավորվածություն են ձեռք բերել մրցաշարը Երեւանում դարձնել ավանդական՝ ամենամյա:

Նախագահը հաջողություն է մաղթել մրցաշարին, իսկ մասնակիցներին՝ բարձր տրամադրություն եւ հաճելի օրեր Հայաստանում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ