23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բրիտանական թանգարանից կա դրական արձագանք՝ Անահիտ աստվածուհու արձանի մասունքները ժամանակավոր ցուցադրել Հայաստանում

Մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա, որին մասնակցում էին հարյուրավոր երիտասարդներ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչին փոխանցեցին Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը եւ հիմնադրամի նախաձեռնությանը միացած ավելի քան 20000 երիտասարդների ստորագրությունները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ստորագրությունները բրիտանական դեսպանատուն հանձնելու օրը պատահական չի ընտրել. այն խորհրդանշական է։ Մայրության աստվածուհու արձանի մասունքները վերադարձնելուն նվիրված ստորագրությունները հանձնվում են մարտի 7-ին՝ կանանց մեկամսյակի մեկնարկի նախօրեին, որ սկսվում է Կանանց միջազգային օրով եւ ավարտվում է Մայրության եւ գեղեցկության տոնով։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ արձանի մասունքները Հայաստան վերադարձնելու նախաձեռնությունը վերածվել է համահայկական ակցիայի. Հայաստանի երիտասարդական հիմնադրամին միացել են նաեւ մի շարք սփյուռքահայ երիտասարդներ՝ լոսանջելեսաբնակ Գեւորգ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նրանք ուղարկել են տարբեր երկրներից հավաքած 1063 ստորագրություն։

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ մենք ունենք արձանի մասունքների վերադարձի պահանջով հանդես գալու բարոյական հիմքեր։ ‘Ակնհայտ է, որ հայ երիտասարդությունն իր մեջ պահում է հայրենասիրության, ազային ինքնության պահպանման գերակայությունը։ Ակնհայտ է նաեւ, որ այդ գործընթացը հեշտ չի լինելու։ Նախադեպեր կան աշխարհում, բայց դա չի եղել արագ։ Դա գործընթաց է, որ կարող է պսակվել հաջողությամբ, եթե մենք լինենք հետեւողական։ Իսկ մենք, նման երիտասարդություն ունենալով, վստահեցնում եմ Ձեզ, կլինենք շատ հետեւողական։ Ես հավատում եմ, որ այս գործընթացը կարող է պսակվել հաջողությամբ, եթե մեր ջանքերը միասնական ու համառ լինեն։ Ես անձամբ պատրաստվում եմ եւ՜ որպես պաշտոնյա, եւ՜ որպես քաղաքական գործիչ, եւ՜ որպես քաղաքացի այս հարցը բոլոր պատեհ առիթներով բարձրացնել բրիտանական մեր գործընկերների առջեւ՝ հույս տածելով, որ մեր պատմության թանգարանում կունենանք ոչ թե արձանի պատճենը, այլ բնօրինակը’,- նշեց Արմեն Աշոտյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանի եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը լրագրողներին հայտնեց, որ Բրիտանական թանգարանից արդեն կա դրական արձագանք՝ Անահիտ աստվածուհու արձանի մասունքները ժամանակավոր ցուցադրել Հայաստանում։ Այս քայլը, ըստ դեսպանի, կդիտվի որպես հայ-բրիտանական հարաբերությունների խորացում եւ թանգարանների միջեւ համագործակցություն։ ‘Մշակույթը դրական գործիք է ժողովուրդներին մոտեցնելու, եւ հուսով եմ՝ այս քայլը կնպաստի ավելի խորը համագործակցության եւ հարաբերությունների սերտացման նպատակին’,- նշեց դեսպանը։

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով արձանի մասունքների ժամանակավոր ցուցադրության համար, նշեց, որ հայկական կողմը չի բավարարվելու ժամանակավոր ցուցադրությամբ։ ‘Մենք դիտարկում ենք այս քայլը որպես Հայաստանի հասարակությանն ընձեռված հրաշալի առիթ՝ վերադարձնելու մեր հպարտությունը, մեր մշակութային արժեքները’,- նշեց Արմեն Աշոտյանը։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է փոխանցել արձանի մասունքների ցուցադրության համար Բրիտանական թանգարան դիմելու համապատասխան փաստաթղթերը։ Հիմնադրամը ՀՀ պատկան կառույցների հետ համագործակցությամբ առաջիկայում կսկսի փաստաթղթերի լրացման եւ Բրիտանական թանգարան դիմելու գործընթացը։

Henaran.am-ին հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ