Պատգամավորները միմյանց մեղադրեցին թուրքական ազդեցության մեջ. ցեղասպանությունների ճանաչման նախագիծը մերժվեց
Մարտի 19-ից մարտի 22-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգում լրացումներ կատարելու մասին հարցը ներկայացնելով այսօր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել “Ժառանգության” ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է Օսմանյան կայսրության ընթացքում հայերի ցեղասպանությանն ուղեկցած հույն, ասորի , եզդի եւ այլ ժողովուրդների ցեղասպանությունները ճանաչել եւ դասել ՀՀ հիշատակի օրերի թվին:
Նախագիծն օրակարգում ներառելու հարցի շուրջ բուռն բանավեճ ծավալվեց ՀՀԿ-ի ու “Ժառանգության” միջեւ:
ԱԺ նախագահը նշեց, որ նախագիծը չի բխում ՀՀ ազգային շահերից: “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն արձագանքեց, թե զարմանում է, որ ամենաանմեղ հարցին խորհրդարանը դեմ է արտահայտվում այն պարագայում, երբ ինքը հայցում է ցեղասպանության ճանաչում:
“Իհարկե, չգիտեի որ այդպիսին կլիներ խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը, ուզում էի հավատալ, որ ինչ -որ բան կփոխվի, բայց ցավոք , իշխանությունը մնում է կանխատեսելի եւ ոչինչ չի փոխվի”,-հայտարարեց Սաֆարյանը ու հավելեց, թե կցանկանար իմանալ, թե ԱԺ նախագահն ինչպես է քվեարկելու:
Սամվել Նիկոյանն էլ նկատեց, որ ԱԺ-ն պատգամավորին զարմացնելու համար չէ, այլ, իր իրավասությունների շրջանակում է գործելու: “Դուք ինչ խնդիր եք լուծում դրանով, Դուք լավ գիտեիք , որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալու: Դուք որ գաղափարներով ենք առաջնորդվել` պետության, ազգի շահերից բխող, թե այլ: Ես չեմ ուզում այլ որակումներ տալ, դա Ձեր սահմանադրական իրավունքն է: Ես կողմ չեմ քվեարկի, բացասական վերաբերմունք եւս չեմ կարող արտահայտել, որովհետեւ խոսքը վերաբերվում է այլ ժողովրդի ցեղասպանությանը “,-հարցադրմանը պատասխանեց ԱԺ նախագահը:
“Սա մեր հոգու պարտքն է”, -պատասխանը չուշացրեց Ստյոպա Սաֆարյանը ու հավելեց, որ այդ համայնքները դիմել են “Ժառանգությանը”:
ՀՀԿ խմբկցության նախագահ Գալուստ Սահակյանը վարման կարգով ձայն խնդրեց ու ՀՀԿ խմբակցության անունից հայտարարեց, որ քիչ առաջ շատ անտրամաբանական միտք հնչեցվեց, թե իբր մենք ողջ աշխարհից հայցում ենք, որ ցեղասպանությունն ընդունեն: “Ոչ մենք պահանջում ենք”,-հայտարարեց Գալուստ Սահակյանն ու շարունակեց.
“Ես կխնդրեմ մեր գործընկերներին հետաձգել հարցը եւ քննարկել քաղաքական ուժերի հետ, մենք ոչ դեմ ենք քվեարկելու, ոչ կողմ:Ես խորհրդակցել եմ նաեւ մեր կոալիցիոն գործընկերների հետ, մենք գտնում ենք, որ քվեարկությունից պետք է հանվի հարցը, հակառակ դեպքում մենք չենք մասնակցի”:
Պատասխան ռեպլիկով հանդես եկավ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու հայտարարեց, որ կարծում է թե ՀՀԿ-ական պատգամավորների վրա “թուրքական կառավարության ներգործությունն է”, հակառակ դեպքում, նրա խոսքով, պետք է վերաբերմունքը դրական լիներ: “Շատ ցավալի է, որ ԱԺ-ում շարունակվում է Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը”,-հայտարարեց նա:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ի պատասխան նշեց, ր մինչ այս հնչած ելույթները ոչ թե բովանդակություն, այլ ձեւ են հիշեցնում: ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Օսմանյան կայսրույթունում 1915-1923թթ. տեղի է ունեցել ցեղասպանություն, որը ընդունվում է ամբողջական ձեւոով : “Երբ ասում ենք Հայոց ցեղասպանություն դրա մեջ ներառվում է նաեւ այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը, որովհետեւ ծրագիրը եղել է մեկը` բոլոր բնիկ ժողովուրդներին ցեղասպանել”,-շարունակեց Շարմազանովը :
Նա հիշեցներց, որ անցած տարի ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են համապատասխան համայնքների ներկայացուցչների հետ, որին հաջորդեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական ուղերձը, որ ճանաչվի քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը: “Մենք այս հարցում պահանջատեր ենք: Որեւէ մեկի սիրտը թող ինձնից շատ չցավի”,-եզրափակեց ծագումով հույն Շարմազանովը:
Ստյոպա Սաֆարյանն առաջարկեց դրական եզրակացություոն տալ նախագծին, ներառել մեծ օրակարգում, որից հետո հնարավորություն կլինի միասին քննարկելու այն:
Վարման կարգի վերաբերյալ հանդես եկավ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը եւ հայտարարեց, որ ԱԺ փոքրամասնությունը փորձում է իրեն ներկայացնել ցանկացած փոքրամասնության , այդ թվում եւ ազգային փոքրամասնության պաշտպան : Նա նկատեց, որ այս նախաձեռնությունը ընտրություններից առաջ ծիծաղելի է, որովհետեւ փորձ է արվում շահել ազգային փոքրամասնությունների դիվիդենտները:
“Թուրքական ազդեցության տակ է ընկած ոչ թե ՀՀԿ-ն, այլ հենց այն պատգամավորը, որը թուրք պատգամավորներին դիմեց հայտնի ստորագրությունների համար”,-հայտարարեց Մանվել Բադեյանը, նկատի ունենալով, որ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎում ստորագրահավաք էր կազմակերպել , այդ թվում դիմելով թուրք պատգամավորներին` Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով:
“Թուրքերն են ընկել Զարուհի Փոստանջյանի ազդեցության տակ, ստորագրել են մեր հերոս Սասուն Միքայելյանի համար: Նրանց դատապարտել են իրենց երկրում”,-Բադեյանին պատասխանեց Զարուհի Փոստանջյան:
ԱԺ փոխնախագահի համբերությունն սպառվեց եւ Շարմազանովը բոլորին կոռեկտությունը պահպանել եւ զգացմունքներին տուրք չտալու կոչ արեց` առաջարկելով անցնել հաջորդ հարցին: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիստ վարողին առաջարկեց այսուհետ անջատել այն պատգամավորների խոսափողը, որոնց վարման կարգի վերբերյալ ելույթները չեն վերաբեվում վարման կարգին եւ մտքերի փոխանակման դաշտ են տեղափոխվում:
Նախագիծը քվեարկության դրվեց եւ չանցավ` 17 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: