‘Ժառանգության’ ցուցակն ու ‘դավադրության’ տեսությունը
ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց, թե կուսակցության ներսում կարող են լինել մարդիկ, որոնք ունեն իրենց պատկերացումները հրապարակված համամասնական ցուցակի վերաբերյալ , բայց դա չի նշանակում, թե նրանք չեն ընդունում այն:
Հիշեցնենք, որ երեկ “Ժառանգութունը” հրապարակեց “Ազատ դեմոկրատների” հետ միասնական համամասնական ցուցակը, որում հին եւ ակտիվ ժառնգականներ, ինչպիսիք են Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, հայտնվել են ցուցակի վերջին հորիզոնականներում, այսպես ասած, ոչ անցողիկ հորիզոնականներում:
Փոխարենը ցուցակի առաջին տասնյակում են հանրությանն անհայտ անուններ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ստացվեց, որ այս տարիներին“Ժառանգության” հետ թե խորհրդարանում, թե փողոցում պայքարած գործիչները հետին պլան են մղվել:
”Այդ մարդիկ լինելու են խորհրդարանում: Հետին պլան չեն մղված: Ես չեմ կարծում, որ ցուցակի առաջին տեղերում գտնվողները շատ ավելի կարեւոր են, շատ ավելի գնահատված են: Մենք ասել ենք, որ ցուցակը կազմված է լինելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, “Ազատ դեմոկրատներից”, “ժառանգությունից” , հետեւաբար բոլորը չէին կարող առաջին հնգյակում լինել”,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր դիտարկմանը, թե ցուցակը տարակուսանք է առաջացրել ոչ միայն հանրության, այլեւ հենց “Ժառանգության” ներսում, որտեղ անգամ խոսում են ներքին ժողովրդավարության պակասի մասին, մասնավորապես այն մասին, որ խորհրդից դուրս գտնվողների կարծիքն անտեսվել է, Ստյոպա Սաֆարյանն ասաց.
”Բացարձակ, կուսակցության ղեկավար մարմինները դրանք են, այլ մեխանիզմ չունենք, որ խորհրդից դուրս ավելի լայն քննարկում ունենանք: Խորհուրդը կազմված է վարչությունից եւ տարածքային կառույցների ներկայացուցիչներից: Հավատացեք, ավելի ժողովրդավարական քննարկում, քան մարտի 18-ի խորհրդի նիստն է, չկա”:
Մեր մյուս դիտարկմանը, թե ինչո՞ւ միասնական ցուցակով գնացին եւ ոչ` կուսակցությունների դաշինքով, ինչի մասին տեւական ժամանակ խոսվում էր, արդյո՞ք յոթ տոկոսի շեմը չհաղթահարելու մտավախություն կար, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.”Մի մտածեք, որ “Ժառանգությունն” իր այս ցուցակով հինգ տոկոս է ստանալու, պատրաստ եղեք շատ ավելի ցնցող արդյունքների եւ ավելի մեծաքանակ խմբակցության”: Ստյոպա Սաֆարյանը չասաց, թե ինչու այդուհանդերձ դաշինք չկազմվեց “Ազատ դեմոկրատների” հետ, նշեց, որ այդ հարցի պատասխանը կտրվի վաղը կայանալիք ասուլիսին:
Հաշվի առնելով այն փաստը, որ երկու ազատական կուսակցությունների դաշինքի հնարավորության մասին տեւական ժամանակ խոսվեց, “Ազատ դեմոկրատները” հայտարարեցին, որ դաշինք է կազմվելու, իսկ “Ժառանգությունը” դրան չարձագանքեց` որոշումը թողնելով կուսակցության խորհրդին, եւ արդյունքում այն չկայացավ, հնարավո՞ր է, որ “Ժառանգությունը” միասնական ցուցակին գնաց պարտադրված` արեւմտյան ճնշումների տակ:
Henaran.am-ի այս հարց-դիտարկմանը Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.”Ոչ, ես ուրախ եմ, որ “ժառանգության” ցուցակը այսպիսի բուռն, այդ թվում “դավադրության տեսության” շրջանակներում մեկնաբանելի առարկա է դարձել: Հավատացնում եմ ձեզ, որ ցուցակի կազմման գործընթացը որեւէ կապ չունի այդ տեսություններից որեւէ մեկի հետ”:
Ի դեպ, նկատենք, որ ժամանակին նորաստեղծ “Ազատ դեմոկրատներին” էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչը, ինչը քննարկումների տեղիք տվեց: Իսկ ավելի ուշ, “Ազատ դեմոկրատների” երկրորդ արտահերթ համագումարի նախօրեին կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի, ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի եւ քաղաքական գծով դիվանագետ Քրիսթոֆեր Անդերսոնի հետ: