Րաֆֆիին դեռ չեն լքում
“Ժառանգության” թեկնածուների մասով ցուցակը չի փոխվի: Չի բացառվում փոփոխություններ “Ազատ դեմոկրատներ”-ի եւ հասարակական սեկտորից ներկայացվածների կազմում, որը քիչ հավանական եմ համարում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը: Նրա խոսքով, իրենց կուսակցության ցուցակը հաստատվել է խորհրդի կողմից, որը ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իսկ այն հարցին, թե ճիշտ է, որ “Ժառանգությունից” մոտ հինգ տասնյակ կուսակցական` ազատման դիմում է ներկայացրել, Լուսինե Պետրոսյանը հերքեց: “Բացի Կարինե Հակոբյանի հայտարարությունից, այլ հայտարարություններ կամ առավել եւս դիմումներ չեն ներկայացվել”,-ասաց նա:
ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տեղեկությունները` ցուցակի փոփոխման առնչությամբ` ասաց, որ ինքը տեղեկություններ չունի:
Նա չբացառեց ցուցակի փոփոխությունները` ասելով, որ մինչեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը` ամեն ինչ հնարավոր է, օրինակ թեկնածուների փաստաթղթերի հետ կապված տեխնիկական խնդիրներ: