Թամամին` 4 տարի, մյուս երկուսին` պայմանական պատիժ /վիդեո/
Երեքշաբթի` մարտի 20-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ: Նույն գործով մեղադրվում են նաեւ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահագն Խանզադյանը:
Դատական անցած նիստում 3 ամբաստանյալները ընդունեցին իրենց մեղքը եւ դատարանից խնդրեցին արագացված դատաքննություն: Այս պահին պետական մեղադրող Հարություն Հարությունյանը ներկայացնում է մեղադրական ճառը, որից հետո կլինեն պաշտպանական ճառերն ու ամբաստանյալները կասեն իրենց վերջին խոսքը:
Ըստ մեղադրական ճառի, ամբաստանյալ Հովհաննես Թամանյանը, Արմեն Պողոսյանն ու Վահան Խանզադյան չարաշահել են իրենց լիազորությունները: Դատախազի խոսքով, գործում կան մեղմացուցիչ հանգամանքներ, մասնավորապես, նախկինում դատված չեն եղել, խոստովանել են իրենց մեղքը, բազմիցս խրախուսվել են, ուստի խնդրեց Հովհաննես Թամանյանին դատապարտել քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)` 1-ին մասով 2 տարի, իսկ 2-րդ մասով 3 տարի եւ վերջնական պատիժ նշանակել 4 տարի ազատազրկում: Նաեւ զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում` 2 տարի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
Իսկ Արմեն Պողոսյանի եւ Վահան Խանզադյանի մասով առաջարկեց դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել, զրկելով 2 տարի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու իրավունքից:
Թամամյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը դատարանից խնդրեց ընդմիջում պաշտպանական ճառին նախապատրաստելու համար: Դատարանը հաջորդ նիստը նշանակեց մարտի 23-ին, ժամը 16-ին:
Նկատենք, որ դատախազի միջնորդությունը Թամամյանը քմծիծաղով ընդունեց, իսկ նիստի վերջում, երբ լրագրողները հարցրին` ինչ կասի պատժի մասին, նա ասաց. “Զինվեք համբերությամբ: Ամեն ինչ ժամանակին”,- ասաց նա:
Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ “դատախազի միջնորդությունը Թամամյանի նկատմամբ շատ անարդարացի էր”:
Իսկ կա հույս, որ դատարանը մեղմ պատիժ կսահամանի Թամամյանի նկատմամբ, փաստաբանն ասաց, որ դա դատավորից է կախված: “Հայաստանում արդարադատություն իրականացնող մարմինը դատարանն է, եւ անկախ ինչ կուզի դատախազը, պաշտպանները ինչ կմիջնորդեն, դատավորը ապացույցները կքննարկի եւ վճիռ կկայացնի”,-ասաց Վ. Գեւորգյանը:
Ի դեպ, Թամամյանը դատական նիստին դահլիճ մտավ բարձր տրամադրությամբ եւ ջերմորեն ողջունեց բոլորին, որը մինչեւ այս նիստը չէր արել: Սակայն նիստից հետո դժգոհ հեռացավ: