Ամերիկացի սենատորները Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ են ներկայացրել Սենատ

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Մարկ Քըրքը ԱՄՆ-ի Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող նոր բանաձեւ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:
Օրինագծի համահեղինակներն են դեմոկրատական կուսակցության անդամ սենատորներ Բարբարա Բոքսերը, Մայքլ Բեննեթը, Դայան Ֆայնշտայնը, Կարլ Լեւինը, Ջոսեֆ Լիբերմանը, Ջեք Ռիդը, Շելդոն Ուայթհաուզը, Դեմոկրատական քաղաքականության հանձնաժողովի նախագահ, սենատոր Չարլզ Շումերը: Նրանք հայտնել են, որ ժամանակն է` ԱՄՆ-ը միանա այն 19 երկրների շարքին, որոնք Օսմանյան կայսրության կողմից իրականացված գործողությունները որպես ցեղասպանություն են ճանաչել:
“Միայն անցյալում կատարված հանցագործությունները ճանաչելու միջոցով կարող ենք առաջ շարժվել, ինչպես նաեւ կանխել ապագայում նման հանցանքների իրագործումը,”-նշել է Մենենդեսը:
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` գրասենյակի եւ Ամերիկայի հայերի կողմից շնորհակալություն է հայտնել սենատորներին` Հայոց ցեղասպանության ճանաչման ոլորտում տարիներ շարունակ աշխատելու համար: