22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամուր հիմքեր` ՓՄՁ զարգացման համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը:

‘Այս խորհուրդը մեծ առաքելություն ունի՝ խթանել Փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը մեր երկրում: Հարցն ունի քաղաքական բովանդակություն, որովհետեւ եթե փոքր բիզնեսը Հայաստանում չկայանա, մենք չենք կարողանա կառուցել քաղաքացիական հասարակություն: Դրա համար մենք խնդիրը դիտարկում ենք ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական տեսակետից: ՓՄՁ-ների զարգացման համար պարտավոր ենք ստեղծել ամուր հիմքեր: Համոզված եմ՝ մեր համատեղ աշխատանքը ցույց կտա այն ուղիները, թե ինչպես պետք է լուծել մեր առջեւ դրված խնդիրը’,- ասել է վարչապետը:

Այնուհետեւ ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ կառավարությունը սուբսիդավորում է ՓՄՁ-ների էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու ծախսերը: Մասնավորապես, 13 հազար 500 դրամի դիմաց այն հնարավոր կլինի ստանալ 3 հազար 500 դրամով:
Կպարզեցվի նաեւ բազմաբնակարան շենքերում բնակարանները ոչ բնակելի տարածքի փոխելու ընթացակարգը՝ որպես տարբեր տիպի գրասենյակներ օգտագործելու համար: Գրասենյակային տարածքների փոփոխումը բնակարանների եւ հակառակը կկատարվի միայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմնի միջոցով: Բարեփոխման նպատակն է՝ պարզեցնել համապատասխան ընթացակարգերը եւ բիզնես իրականացնելու տեսանկյունից վերացնել լրացուցիչ խոչընդոտները:

Անցնելով օրակարգային հաջորդ՝ հավաքական բեռի փոխադրման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ հարցին, նշվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ քննարկվելու են հավաքական բեռների արտահանման ձեւակերպումների ընթացքում խոչընդոտ հանդիսացող դեպքերը՝ առկա խնդիրները կարգավորելու նպատատակով:
Քննարկվել է նաեւ ‘ՀՀ մաքսային տարածքով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին’ ՀՀ կառավարության որոշման վերանայման նպատակահարմարության հարցը: Առաջարկվել է համապատասխան փոփոխությունների միջոցով պարզեցնել բեռների տարանցման համար նախատեսված ընթացակարգերը, որը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը, եւ Հայաստանով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը:

Henaran.am-ին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ