“Հանրայինն” օգտվեց վերջին հնարավորությունից
Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը, հեռուստա-ռադիոընկերությունները իրավունք չունեն եթեր արձակել պատգամավորի թեկնածուների մասնակցությամբ հոլովակներ, տեսաֆիլմեր:
Երեկ “Հանրային” հեռուստաընկերությունը ցուցադրեց “Հարսնացուն հյուսիսից” ֆիլմը, որտեղ առանցքային դերերից մեկը Հայ ազգային կոնգրեսի ցուցակի 61-րդ հորիզոնականում գտնվող Երվանդ Մանարյանինն է:
“Դե օրենքը` օրենք է, եթե կարգն այդպիսին է, ապա թող ցույց չտան: Բայց միայն թե օրենքը կիրառվի բոլոր թեկնածուների վրա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց թեկնածուն: Մանարյանի խոսքով, ինքը նախընտրում է մնալ թեկնածու. սերիալում հետո կնկարահանվի:
“Ուրեմն ես պետք եմ, կարող եմ ազդել հասարակական-քաղաքական կյանքի վրա, որ ընդգրկել են ցուցակում, չնայած անցողիկ տեղում չեմ”,-ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը:
Մանարյանի առողջությունը թույլ չի տա, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարզեր այցելի: “Արդեն մեծ մարդ եմ, բայց եթե շտաբից պահանջարկս զգացվի` կմասնակցեմ”,-ասաց անվանի դերասանը: