Թուրք գործչին ձերբակալել են Հայոց ցեղասպանության մասին գրքի պատճառով
Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի ‘Հայոց Ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ’ հայերեն եւ անգլերեն տարբերակներով երկհատորյա գիրքը լույս կտեսնի նաեւ թուրքերենով: Այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրքի հեղինակը:
‘Ես ավելի քան 55 տարի բառ առ բառ, պատառիկ առ պատառիկ գրառել, ուսումնասիրել ու հրատարակել եմ բռնի տեղահանված, Ցեղասպանության ականատես դարձած հայերի վկայությունները:Գրքի թուրքերեն տարբերակը պետք է լույս տեսներ այս տարի` ապրիլի 24-ի նախօրեին, սակայն թուրք գործիչ Ռագըփ Զարաքոլուի ձերբակալումն այդ աշխատանքը հետաձգեց. նա ստանձնել է գրքի թուրքերեն թարգմանությունը’,- ասաց գրքի հեղինակը:
Բանախոսն ընդգծեց, որ հրատարակչի անունն անգամ վախենում է հրատարակել, մտավախություն ունենալով, որ կրկին թուրքերը կխոչընդոտեն նրա աշխատանքը: ‘Տեղյակ եմ, որ նրան արդեն բաց են թողել: Ես մեծ դժվարությամբ կարողացա նրա հետ կապ հաստատել, բայց նա չկարողացավ ասել, թե ինչու էին ձերբակալել: Սակայն խոսակցությունից հասկացա, որ պատճառն իմ գիրքն է’ ,- ավելացրեց նա:
Սվազլյանը վստահեցրեց, որ գիրքն անպայման կթարգմանվի թուրքերեն մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա նշեց, որ վկայությունները գրի են առնվել, ձայնագրվել ու տեսագրվել ՀՀ ԳԱ ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի աջակցությամբ:
Հատոր առաջինի` ‘Պատմաբանագիտական ուսումնասիրություն’ բաժնում ներկայացված է Հայոց ցեղասպանության ամբողջ ընթացքը՝ սկսած համիդյան ջարդերից, իսկ երկրորդ հատորի ‘Պատմական սկզբնաղբյուրներ բաժնում’ 700 միավոր վկայություն է ներկայացված։ Ժողովածուն ներկայացնում է Հայոց ցեղասպանության ամբողջ ճշգրիտ պատկերը, երիտթուրքական կառավարության կազմակերպած հայերի զորահավաքը, հայերի զանգավածային տեղահանությունները, ինչպես նաեւ Մուսա լեռան, Ուրֆայի, Այնթափի, Մարաշի, Իզմիրի հերոսամարտերը:
Վերժինե Սվազլյանի խոսքերով՝ թուրք երիտասարդությունը Ցեղասպանության մասին գրեթե ոչինչ չգիտի եւ ճշմարիտ տեղեկությունների ծարավ ունի: Նշենք, որ գրքի գիտական ուսումնասիրության մեջ Վ.Սվազլյանը հետեւյալ կերպ է հիմնավորում ականատես վերապրողների հաղորդած վկայությունների կարեւորությունը. ‘Ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս որոշիչ են վկաների ցուցմունքները, նույնպես եւ այս պարագայում պետք է հենվել նաեւ ականատես վերապրողների վկայությունների վրա, որոնցից յուրաքանչյուրն իրավաբանական տեսակետից ապացուցողական նշանակություն’: