Սիրիայում ընտրություններ են
Վտանգավոր հրադադարի եւ քվեարկությունը բոյկոտի ենթարկելու ընդդիմության կոչերի ֆոնի վրա սիրիացիներն այսօր` մայիսի 7-ին, ուղղվել են ընտրատեղամասեր, որպեսզի մասնակցեն բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններին: Ընտրությունների մասին հայտարարել է նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը, ով 5 տարի անց որոշել է ցույց տալ, որ կարող է իր անհանգիստ երկրին նման հնարավորություն էլ տալ: Այս մասին հաղորդում է “BBCNEWS”-ը:
Գլխավոր ընդդիմադիր կազմակերպությունը քվեարկությունն անվանել է “ֆարս” եւ սիրիական առաջնորդի` իշխանությունը պահպանելու հերթական փորձը: Ընդդիմադիր ակտիվիստները պնդում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվելու են “Բաաս” կուսակցության օգտին եւ խոստանում են համընդահնուր գործադուլ եւ քվեարկության բոյկոտ:
Չնայած հայտարարություններին այն մասին, որ բռնության սպառնալիքի տակ անցկացվող քվեարկությունը չի կարող օրինական համարվել, քվեախցիկները բացվել են:
Ալ-Ասադի կողմից այս քայլը պատասխան էր ապստամբությանը, որն սկսվեց խաղաղ ցույցերից եւ շատ արագ բռնության վերածվեց` կառավարական զորքերի` ընդդիմության վրա գրոհների պատճառով:
Սիրիական Ազգային ժողովն ավելի վաղ խնդրել էր ալ-Ասադին հետաձգել քվեարկությունը, մինչեւ որ հայտնի չդառնան “համազգային երկխոսության” արդյունքները:
Ըստ սիրիական իշխանությունների պաշտոնական հայտարարության` ընտրություններին մասնակցում են 7195 թեկնածու, այդ թվում` 710 կին, որոնցից կընտրվեն 250 պատգամավոր: