Մինչեւ ուր կհասնի փոխարժեքը. տնտեսագետի կանխատեսումները
Մայիսին սկսած արտարժույթի փոխարժեքի աճի պատճառների եւ Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցության հետեւանքներից այսօր “Հենարան” մամուլի ակումբում խոսել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Մնացականյանը:
Տնտեսագետը նախ հիշեցրեց, որ ՀՀ ԿԲ արժութային քաղաքականությունը իրականացվում է լողացող փոխարժեքային ռեժիմի հիմնա վրա, երբ փոխարժեքը կարգավորվում է առաջարկի եւ պահանջարկի հիման վրա:
Առաջարկն առաջանում է, երբ ավելանում է մեր ապրանքների նկատմամբ օտարերկրյա պահանջարկը եւ հակառակը, տեղի է ունենում, երբ օտարերկրյա ապրանքների ու փոխարժեքի պահանջարկն է ավելանում մեզ մոտ:
Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կատարում է որոշակի ներարկումներ: “Ահրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ երբ հարկ է լինում թույլ չտալ փոխարժեքի կտրուկ տատանումները եւ մեղմել այն”,-ասաց տնտեսագետը:
Դոլարի փոխարժեքի բարձրացումը Հայկ Մնացականյանը պայմանավորեց ներքին ու արտաքին գործոններով: “Եթե ուսումնասիրենք ԿԲ նախորդ տարվա մայիս ամսվա ցուցանիշները, կտեսնենք, որ մի փոքր ավելի քիչ, բայց նման տատանումներ էլի տեղի են ունեցել: Ամառային շրջանում ամառային հանգիստն արտերկրում անցկացնել ցանկացող բնակչության մոտ արտարժույթի պահանջարկ է առաջանում”,-բացատրեց մասնագետը: Ինչ վերաբերում է արտաքին գործոնին, դոլարի փոխարժեքի ավելացման վրա ազդել է միջազգային շուկայում նավթի գնի անկումը:
“Մայիսի 25-ի տեղեկատվությամբ, հուլիս ամսվա ֆյուչերսային գործարքները/այն գործարքները, որոնք կնքվում են ապագայի համար,-խմբ./ նավթի գնի վերաբերյալ արդեն իսկ աճ են արձանագրել: Կարելի է եզրակացնել, որ արտաքին գործոնի ազդեցությունը կփոքրանա հուլիս ամսվա սկզբին”,-ասաց բանախոսը:
Հայկ Մնացականյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող փոխարժեքի թույլ տատանումները էապես նպաստում են տնտեսության մեջ արտահանման ներուժի ավելացմանը, այսինքն՝ մեր ապրանքներն ավելի էժան են դառնում արտերկրի սպառողի համար:
Ինչ վերաբերում է ներքին սպառողին, տնտեսագետի խոսքով, առաջին հերթին սպառողին հետաքրքրում է գնաճը, որը ըստ կանխատեսումների՝ կտատանվի 4.5+ -1.5 թույլատրելի միջակայքում:
“ ԿԲ տվյալներով, առաջին եռամսյակում 18 տոկոսով աճել են տրասֆերտենրը եւ 13 տոկոսով` արտերկրում աշխատող քաղաքացիների կողմից ստացվող զուտ ներհոսքերը: Նման պայմաններում սպառողը շահում է”,-նշեց Հայկ Մնացականյանը: Բանախոսն ամփոփելով, ասաց, որ հունիս ամսին ամեն ինչ կկարգավորվի եւ դրամի արժեզրկումը կդադարի, թեեւ դոլարը չի վերադառնա այն կետը որտեղից սկսել է աճել:
“Եթե մենք վարում ենք արտահանման խթանման քաղաքականություն, դա ձեռք չի տալիս: Տնտեսագիտորեն հիմնավորված է , որ փոխարժեքը կանգնում է մի փոքր ավելի բարձր կետում”,-ասաց բանախոսը: Ի դեպ, փոխարժեքի տատանումները տնտեսագետը ընտրություններով չպայմանավորեց: “Իմ կարծիքով, նման առնչություն չպետք է լինի, որովհետեւ տնտեսությունը գործում է շուկայական մեխանիզմներով”: