Փաստաբանը Գևորգ Կոստանյանից պահանջում է հրապարակային բանավեճ.Ժամանակ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Փաստաբան Հակոբ Ճարոյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին պարտավորեցնել կատարելու Ազգային ժողովում տված իր խոստումը, այն է՝ կոնկրետ գործի վերաբերյալ իր հետ դուրս գալ հրապարակային բանավեճի:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013 թվականին ԱԺ-ում ներկայացնելով դատախազության տարեկան հաշվետվությունը և պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի վերաբերյալ հնչեցրած հարցադրմանը՝ հայտարարել էր, որ ինքը ցանկացած գործի վերաբերյալ պատրաստ է մասնագիտական քննարկման, բանավեճի: «Ես բազմիցս ասել եմ՝ և այս գործով, և նախորդ գործերով, ցանկացած գործ, որտեղ կա հանրային հետաքրքրություն կամ առանց հանրային հետաքրքրության, ցանկացած անձի հետ մասնագիտական դաշտում, հրապարակայնորեն պատրաստ եմ քննարկման, և հիմա էլ հայտնում եմ, որ պարոն Փաշինյանը և ցանկացածը, ով կուզենա ավելի դետալացված քննարկում ունենալ այդ գործի և ցանկացած այլ գործի առնչությամբ ես պատրաստ եմ, միշտ»,- ասել էր նա:
Գևորգ Կոստանյանը դեռևս այդ ժամանակ չընդունեց ուղիղ եթերում բանավիճելու Փաշինյանի առաջարկը, այսօր էլ չի ընդունում փաստաբանի առաջարկը, որը վերաբերում է կոնկրետ գործի՝ 2005 թվականին տեղի ունեցած հանցագործության: Փաստաբանը համոզված է և պատրաստ է ապացուցել, որ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ մեղադրվող իր պաշտպանյալը՝ Վարդան Երիցյանը, անմեղ է, և նրան դատում են կեղծ ցուցմունքների և կասկածելի փաստաթղթերի պատճենների հիման վրա: Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ 6 տարի 3 ամիս կալանքով մեղադրական դատավճիռ է հրապարակել, որը կայծակնային արագությամբ վերաքննիչ դատարանը քննելով՝ թողել է անփոփոխ՝ առանց փաստաբանի վերաքննիչ բողոքի պատասխանը ստանալու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։