Սիրիայում ընտրել են ընդդիմության առաջնորդին
Սիրիացի ապստամբներն ընտրել են նոր կոալիցիայի առաջնորդին: Կոալիցիան պետք է պայքարի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ: Սիրիական հեղափոխական ուժերի Ազգային կոալիցիայի ղեկավարն է դարձել իսլամ քարոզիչ եւ գիտնական Ահմեդ Մուազ ալ-Խաթիբը` Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համաձայն, հաղորդում է “Reuters”-ը:
Ալ-Խաթիբն իմամ է եղել Դամասկոսի մզկիթներից մեկում, սակայն 3 ամիս առաջ լքել է Սիրիան:
Նոր ընդդիմադիր կազմակերպություն ստեղծելու որոշումն ընդունվել է նոյեմբերի 11-ի երեկոյան: Փաստաթուղթն ստորագել է նաեւ Սիրիայի ազգային խորհուրդը, որը նախկինում համարվում էր սիրիական ընդդիմության գլխավոր ներկայացուցիչը:
Նոյեմբերի 11-ին Դոհայում հավաքվել են Ասադի վարչակարգին դեմ կազմակերպությունները: Նիստի նախաձեռնողները Արաբական երկրների լիգան եւ Քաթարն են եղել: Հանդիպման նպատակը սիրիական ընդդիմության ցրված խմբավորումների համակարգումն էր:
Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով` շուրջ 45 հազար մարդ է զոհվել: