Նախարար Բեգլարյանը Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհ-ի Քաղաքական բարձրաստիճան ֆորումի նախարարական հանդիպմանը
Հուլիսի 8-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո կայացած Քաղաքական բարձրաստիճան ֆորումի նախարարական հանդիպմանը:
«Կայուն զարգացման նպատակների իրականացումը. հավակնությունները համարժեք ռեսուրսների, տեխնոլոգիաների և կարողությունների հետ համապատասխանեցնելով» խորագրով նախարարական հանդիպմանը քննարկվեցին համաշխարհային ետ-2015 զարգացման օրակարգը համապատասխան ֆինանսավորման հետ զուգորդելու մարտահրավերները` մատնանշելով առևտրի, ֆինանսավորման, նորարական տեխնոլոգիաների և կարողությունների զարգացման առանցքային դերը: ՏնտՍոցԽորհ-ի նախագահի տեղակալի նախագահությամբ կայացած հանդիպմանը մասնակցեցին մի շարք երկրների նախարարներ, նախարարների տեղակալներ և բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:
Շեշտելով ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը առևտրի, ներդրումների և տարածաշրջանային փոխգործակցության խթանման առումթվ` նախարար Բեգլարյանն ընդգծեց Կայուն զարգացման նպատակների իրագործման համար տրանսպորտային ցանցերի կենսական նշանակությունը: Ներկայացնելով Հայաստանի տրանսպորտային կապի դյուրացման նպատակով իրականցվող մի շարք կարևոր նախագծեր, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքն ու Հայաստանի Հարավային երկաթուղային ծրագիրը` ՀՀ տրանսպորտի նախարարը մտահոգություն արտահայտեց դեպի ծով ելք չունեցող Հայաստանին ապօրինի շրջափակման ենթարկելու հետևանքով առանցքային նշանակության միջպետական ենթակառուցվածքի` Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու առնչությամբ:
Իր ելույթում նախարար Բեգլարյանն անդրադարձավ ՏնտՍոցԽորհ-ի Քաղաքական բարձրաստիճան ֆորումի հետագա գործունեությանը զարգացման նոր օրակարգի միջազգային վերահսկման արդյունավետ մեխանիզմ ապահովելու տեսանկյունից` շեշտելով հիշյալ գործընթացում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար 2014թ. Վիեննայում ընդունված Գործողությունների ծրագրի իրականացմանն անդրադառնալու կարևորությունը: