Ինչ է ուզում Պուտինը . Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Ռուսաստանի հատկացրած 200 միլիոն դոլար վարկով Հայաստանը այդ երկրից ձեռք է բերելու նաեւ հեռահար սպառազինություն: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիր։ Այս տեղեկությունն օրեր առաջ տարածել էր ռուսաստանյան TASS լրատվական գործակալությունը:
Թե՛ ռուսաստանցի եւ թե՛ ադրբեջանցի քաղաքագետները վստահ են՝ Հայաստանին վարկի դիմաց սպառազինություն տրամադրելուց հետո Ռուսաստանն անպայման զենք Իբ կմատակարարի նաեւ Ադրբեջանին:
Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկովն անդրադառնալով այս հարցին՝ ասաց. «Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին, մի կողմից՝ լարվածություն է առաջացնում, մյուս կողմից՝ նպաստում խաղաղությանը: Ցանկացած տեսակի զենքի ավելացում մեծացնում է պատերազմի հավանականությունը: Բայց մյուս կողմից էլ՝ այդ երկրները զենք գնում են ոչ թե նրա համար, որ Ռուսաստանն է ցանկանում այն վաճառել, այլ պարզապես ուզում են ուժեղ եւ զինված լինել թշնամու առաջ»,- ասաց Մարկովը՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը չվաճառի զենք, ապա Հայաստանն ու Ադրբեջանը զենք կգնեն այլ երկրից:
Նրա խոսքով՝ զենք վաճառող երկիրը կարող է որոշակիորեն ազդել իրավիճակի վրա, եւ նրա տպավորությամբ՝ լավ է, որ զենք վաճառում է հենց Ռուսաստանը.
«Որովհետեւ Ռուսաստանը խաղաղության կողմնակից է՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների»: Սերգեյ Մարկովն ավելացրեց. «Այն, որ հենց Ռուսաստանն է զենք վաճառում, շատ քիչ, բայց նպաստում է խաղաղությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։