«Ոսկե ծիրան»-ը կհամագործակցի օտարերկրյա դեսպանությունների հետ
Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը մի շարք ծրագրերի շուրջ կհամագործակցի օտարերկրյա դեսպանությունների հետ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի ևս «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն տեղեկացրեց, որ կինոփառատոնի ընթացքում կանցկացվի «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը: Ծրագրի ընթացքում կներկայացվեն վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմերը:
Դեսպանը նշել է, որ «Ոսկե ծիրան»-ը հիանալի հնարավորություն է ընձեռում հայ հանդիսատեսին՝ ծանոթանալու միջազգային կինոարվեստի դրսևորումներին:
«Ներկայացվում են տարբեր միջազգային փառատոններին ներկայացված և հաղթած ֆիլմեր: Տարին շատ կարևոր է, որովհետև Հայոց ցեղասպանության տարելիցն է, և փառատոնի ընթացքում էլ անդրադարձ է կատարվում նաև այդ թեմատիկային»,-ասել է նա:
«Ոսկե ծիրան»-ի հյուրն է լինելու անվանի դերասան Պատրիկ Շենեն: