ՀՅԴ-ն գոռոզ չէ
ՀՅԴ յոթ կետերի շուրջ խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ շարունակվում են: Դեկտեմբերի վեցին ՀՅԴ-ն ավելի լայն կազմով քննարկում կանցկացնի` նաեւ արտախորհրդարանական ուժերի եւ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ:Այս պահին բացառությամբ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ն խորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումներն ավարտել է:
Henaran.am-ի հետ զրույցումայս մասին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Դաշնակցությունն իր նախաձեռնած քննարկումների արդյունքները կամփոփի ՀՅԴ արտակարգ ժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի երկրորդ կեսին`ամենայն հավանականությամբ դեկտեմբերի քսանին:
“Այնտեղ կհայտարարենք թե մեր ամփոփումների, թե արտակարգ ժողովի որոշման մասին` նախագահական ընտրություններին մասնակցության հարցի վերաբերյալ”,-նշել է Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն մինչեւ արտակարգ ժողովը որեւէ միջանկյալ եզրակացություն չի հրապարակի:
“Կան ուժեր, որոնց հետ համաձայնեցված կետեր կան, կան ուժեր, որոնց հետ սկզբունքային տարաձայնություններ կան, բայց այս պահին չենք ուզում մեր հայտարարություններով բացառել համագորխծակցության հնարավորությունը”,- Henaran.am-ին ասել է Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը շեշտել է, որ ՀՅԴ-ն ձգտելու է, որպեսզի համաձայնություն կայանա ՀՅԴ ԳՄ հրապարակած հայտարարության բոլոր յոթ կետերի հետ: “Որեւէ կետ այնտեղից հանելը նշանակում է թուլացնել համակարգային փոփոխությունների հնարավորությունը, սակայն, իմ ասածը կատեգորիկ չի նշանակում, որ եթե կան մեկ-երկու տարաձայնություններ, ապա սա կարող է պատճառ դառնալ չհամագործակցելու, բայց թե ինչ սկզբունքային հարցերի մասին է խոսքը գնում, մեր կուսակցության ներսում համախոհությամբ քննարկվելիք խնդիր է”,-շարունակել է մեր զրուցակիցը:
Անդրադառնալով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ խորհրդարանական կառավարմանն անցնելու շուրջ ԲՀԿ-ի նախաձեռնած քննարկումներին, ՀՅԴ-ական պատգամավորն ասել է, որ այս հարցերում իրենց ընկալումները համընկնում են, բայց այլ հարց է, թե երկու քաղաքական ուժերն ինչպես են պատկերացնում խորհրդարանական կառավարման համակարգը. “Սա իր նրբություններն ունի, եւ մեր կարծիքով այն պետք է անդրադառնա նաեւ վարչատարածքային վերաբաժանմանը, կառավարության անհատական կազմի պատասխանատվությանը”:
Արծվիկ Մինասյանն ասել նաեւ, որ ՀՅԴ-ն քսան տարի շարունակ այս յոթ կետերից խոսում է: “Եթե կան ուժեր, որոնք մեկ, երկու, երեք-չորս կետեր են ասում եւ որոնք համընկնում են մեր յոթ կետերի հետ, մենք այնքան գոռոզ չենք, որ ասենք` չէ , մերն է ճիշտ եւ այլն: Եթե կան կետեր, որոնք մեր յոթ կետերում չկան եւ առաջարկվում են քննարկել, մենք պատրաստ ենք նաեւ դա քննարկել”,-միաժամանակ հավելել է նա:
Ինչ վերաբերվում է նախագահի սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցին, Արծվիկ Մինասյանն ասել է.”Մենք այս պահին ունենք բոլոր հնարավորությունները: Իհարկե, մեզ համար նախընտրելի է սեփական թեկնածու ունենալը, բայց մենք չենք բացառում որեւէ տարբերակ եւ դրա համար ասում ենք` ամեն ինչ պետք է դիտարկել ամբողջական եզրակացությունների լույսի ներքո”:
Արծվիկ Մինասյանն ասել է նաեւ,որ անկախ նրանից, թե ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին ինչ ձեւաչափով կմասնակցի, վերը նշված հարցերը քննարկման կարիք ունեն եւ ակնկալում է քննարկումների երկրորդ փուլ` նաեւ նախագահական ընտրություններից հետ: