Սահմանային միջադեպերի առաջացման պատճառն ակնհայտ է. Կազիմիրով
“Ազատ տեղաշարժման իրավունքի ցանկացած խոչընդոտում դատապարտելի է”,-այսօր անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման խնդրին եւ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը, ասել է ՌԴ ԱԳՆ Վետերանների խորհրդի նախագահ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
“Դա արհեստականորեն ստեղծված սկանդալ է”,-շեշտել է ռուս դիվանագետն ու հավելել, որ Սաֆարովի խնդրի դիմաց “խաղարկվում է” օդանավակայանի հարցը: Կազիմիրովը հիշել է, որ ժամանակին, երբ միջնորդական առաքելություն էր իրականացնում, բազմիցս ուղղաթիռով Ստեփանակերտի` այն ժամանակ փոքրիկ օդանավակայիանից թռիչքներ իրականացվել են եւ որեւէ խոչընդոտ Բաքվի կողմից չի եղել:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման եւ հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար արձանագրվող սահմանային միջադեպերի քննության մեխանիզմների ստեղծման հարցին, Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ “նոր հեծանիվ ստեղծելու” կարիք ամենեւին չկա:
”Այդքան քննարկումներ միջադեպերի քննության ուղղությամբ, կարծես դրանց առաջացման պատճառներն ակնհայտ չեն: Այնտեղ նույնիսկ մեծ հետաքննության կարիք չկա, այնքան ակնհայտ է: Դեռ 1995թ փետրվարի 4-ին հատուկ համաձայնագիր ստորագրվեց հակամարտության բոլոր 3 կողմերի` Ադրբեջանի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Այն ժամանակ համաձայնագիրն անվանեցինք “Կրակի դադարեցման ամրապնդման համաձայնագիր”, բայց ըստ էության, խոսքը ոչ միայն կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման մասին էր, այլ հենց շփման գծում միջադեպերի մասին”,-ասել է Վլադիմիր կազիմիրովը:
ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը հիշեցրեց նաեւ 1994թ փետրվարի 18-ին Մոսկվայում երեք պաշտպանության նախարարների ստորագրած արձանագրությունը`հրադադարի հաստատմանը զուգահեռ շփման գծից զորքերի դուրսբերման մասին, որը, ինչպես բնորոշեց դիվանագետը, ստորագրումից կարճ ժամանակ անց, հանդուգն կերպով չիրականացրեց հենց ադրբեջանական կողմը` հրաժարվելով շփման գծից զորքերի դուրսբերման թե սիմետրիկ, թե ասիմետրիկ տարբերակներից, այն դեպքում, երբ արձանագրությունն ստորագրվել էր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հավանությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում մեկնարկեց “Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում” միջազգային երկօրյա համաժողովը, որին մասնակցում են տարածաշրջանային անվտանգության եւ աշխարհաքաղաքականության փորձագետներ տարբեր երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Իսրայելից, Թուրքիայից: