Նշվել է ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձը
ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ հունիսի 22-ին ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, պաշտպանության նախարարության և ոստիկանության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:
Հյուրերը ծանոթացան ոստիկանության զորքերի կողմից հասարակական կարգի պահպանման նպատակով կիրառվող սպառազինությանն ու միջոցներին, դրանց տեխնիկական բնութագրերին:
Ողջունելով ներկաներին ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ՝ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական խոսք հղեց ոստիկաններին և նրանց ընտանիքների անդամներին, մաղթեց նորանոր ծառայողական հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ:
Տոնի կապակցությամբ տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն: Ոստիկանության զորքերի մի շարք զինծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով:
Ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառումը եզրափակվեց ցուցադրական ելույթներով, որոնց ընթացքում ոստիկանության պատվո պահակախմբի և հատուկ ստորաբաժանումների զինծառայողները ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտությունները: