Բելգիայի վարչապետի հայտարարությունը կվատթարացնի երկկողմ հարաբերությունները. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստին, գրում է Ermenihaber.am-ը:
ԱԳՆ-ի պաշտոնական կայքում նշվում է, որ նման հայտարարություն անելը «թուրքերին սևացնելու», ազգայնամոլական և հակաիսլամական շարժման դրսևորում է: Արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Բելգիայի վարչապետը հայտարարել է, որ իր կարծիքով, 1915թ. իրադարձություններն անհրաժեշտ է ճանաչել որպես ցեղասպանություն: Այս հայտարարությունը չի համապատասխանում պատմական փաստերին և հակասում է օրենքին: Այս մոտեցումը, որն անհանգստացնում է նաև Բելգիայի թուրքական համայնքին, անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա Բելգիայի հետ մեր երկկողմ հարաբերությունների վրա»:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, որի ժամանակ քննարկվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը, Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից կազմակերպված հայերի ջարդերն իր կառավարության անունից բնութագրել էր որպես ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը ներկայացուցիչների պալատում ներկայացրել էր Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցության պատվավոր նախագահ, պատգամավոր, նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերը:
Աղբյուր` Ermenihaber.am