27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հա էլ տփել ա… /վիդեո/

Աղջիկը դպրոց չի հաճախում, զբաղվում է տան գործերով, ապրում “հոգեւոր կյանքով”: Անհասկանալի է, վեցամյա կրթություն ունեցող մա՞յրն է արգելում, թե՞… Խնամքի կենտրոնի տնօրենը պնդում է.”“Գենում կա, թաքնված ռեցեսիվ գենը դոմինանտեց…”

Տասնչորսամյա Վիկտորյա Աճեմյանը սպառնացել է ինքն իրեն վնասել, եթե խնամքի կենտրոն կամ դպրոց ուղարկեն: Վիկտորյա Աճեմյանն ապրում է Բյուրեղավանում` մոր,երկրորդ հոր եւ եղբոր հետ: Մի քանի տարի առաջ, երբ ընտանիքի սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր էր, միայնակ  մոր` Երանուհի Աճեմյանի խնդրանքով աղջիկը տեղավորվել է Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության  գիշերօթիկ հաստատությունում, հաճախել հինգ տարի` 2007թ-ից մինչեւ 2012թ մարտը:

8-րդ դասարանի աղջիկը հրաժարվել է նաեւ դպրոց գնալ: Դպրոցի տնօրինության եւ Կոտայքի մարզպետարանի ու Բյուրեղավանի քաղաքապետարանաի համապատասխան կառույցների ներկայացուցիչների պնդմամբ` մոր հորդորներով, իսկ Վիկտորյայի մոր խոսքով` աղջիկը չի ուզում: Իրավասու մարմինների ներկայացուցիչների ասում են, որ փորձել են միջամտել, օգնել աղջկան, զրուցել նրա հետ, սակայն, մայրը հրաժարվում է իրենց հետ հանդիպել վիրավորում եւ մերժում է ցանկացած միջամտություն: Եվ այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ արդեն անհասկանալի է, իսկապես մա՞յրն է արգելում, թե՞ երեխան է հրաժարվում դպրոցից: 

Վիկտորյայի խնդրի մասին տեղյակ են նաեւ  ոստիկանության Կոտայքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում: Բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան Հայկ Ազիզյան Henaran.am-ի հետ զրույցում նույն բանն ասաց` Վիկտորյայի մայրը չի ցանկանում, որ իր երեխան գնա դպրոց.  “Մայրն ամենայան հավանականությամբ,առողջության հետ կապված խնդիրներ ունի: Նա շատ ագրեսիվ է, զրուցելու ընթացքում ընկնում է հիստերիայի մեջ: Ասում է` հիմա դպրոցներում ի՞նչ են սովորեցնում, որ գնա, ավելի լավ է` մնա իմ աչքի առաջ, ես գիտեմ իմ երեխային ոնց կդաստիարակեմ: Երեխան էլ ասում է, որ չի ուզում դպրոց գնալ: Մայր ու աղջիկ  իրար հետ լեզու են գտել, երբ  մոր հետ ենք զրուցում, մի քիչ ազդում ենք մոր վրա, մայրը բարդում է երեխայի վրա, ասում է` երեխան չի ուզում, երեխայի հետ ենք զրուցում ,ասում է` ես չեմ ուզում”:

Henaran.am-ին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի  ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության  բաժնի իրավաբան Շավարշ Արտաշյանն ասաց, որ  Բյուրեղավանի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձուների խորհրդի եւ ոստիկանության համապատասխան բաժնի ներկայացուցիչների մասնակցությամբ շահագրգիռ կողմերի հետ համատեղ քննարկում են կազմակերպել, հրավիրել նաեւ աղջկա մորը` Երանուհի Գրիգորյանին, վերջինս սակայն, պատճառաբանելով, թե վատառողջ է, չի ներկայացել: “Երեխան սեպտեմբերի 3-ին գնացել է դպրոց ու ասել, որ չի ուզում մասնակցել դասերին ու վերջ, եթե ինձ փորձեք տանեք դպրոց, ես ինքնասպան կլինեմ: Գործը ընթացքի մեջ է: Քանի որ այս պահին երեխան չի ուզում եւ 14 տարեկան է, մենք  չենք կարող ստիպողաբար նրան դպրոց ուղարկել: Եթե այս պահին ծնողը խոչընդոտ  հանդիսանար, համապատասխան օրենքով ծնողին պատասխանատվության կենթարկեինք: Այս պահին մեզ  չի հաջողվում երեխայի հետ առանձին խոսել`մայրը խոչընդոտում է: Մենք էլ մտավախություն ունեինք, որ նա կարող է որոշակի հոգեկան շեղումներ  ունենալ, որը ազդի երեխայի վրա: Փորձել ենք Բյուրեղավանի ամբուլատորիայի, Աբովյանի պոլիկլինիկայի հետ ճշտել, ինքը հաշվառման մեջ չէ:  Խնամակալության հանձնաժողովին մենք դիմել ենք, ներկայացրել ենք բուն իրավիճակը, որ հարկ եղած դեպքում նաեւ դատարան դիմեն, գոնե հարկադիր բուժման կամ հետազոտության համար”,-նշեց Շավարշ Արտաշյանը: Նա նաեւ ասաց, որ ամուսնությունից հետո ընտանիքը տեղափոխվել է համեմատաբար բարվոք պայմաններով սենյակ, ինչը սակայն խոչընդոտ չէր, որ երեխան խնամքի կենտրոնհաճախեր:

“Հա էլ տփել ա…”,-ասում է Վիկտորյան

Henaran.am-ը իրավիճակն ամբողջությամբ պատկերացնելու եւ աղջկա հետ զրուցելու նպատակով երեկ Բյուրեղավանի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամ  Մարինա Օսիպյանի եւ խնմաքի կենտրոնի սոցաշխատող Գայանե Գրիգորյանի հետ միասին այցելեց Վիկտորյային:

Աղջկա մայրը, ի զարմանս քաղաքապետարանի աշխատակցի, մեզ հանգիստ ընդունեց, ներս հրավիրեց, զրուցեց մեզ հետ եւ ներկայացրեց իրավիճակն իր տեսանկյունից: Մայրը պնդում է, որ խնամքի կենտրոնի տնօրենը` Կարինե Մարգարյանը, վատ է վերաբերվում  աղջակն, ծեծում է, չի հատկացնում պետության կողմից հասանելիք օժանդակությունը` հագուստ, խնամքի պարագաներ: “Կռվով-դավով ուզել եմ”,-ասում է Երանուհի Գրիգորյանը ու հավելում.”Ասում ա, ինձ ի՞նչ կարա նախարարը անի”: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ աղջկա մոր եւ խնամքի կենտրոնի տնօերենի միջեւ առաջացած կոնֆլիկտի պատճառով տուժում է երեխան` զրկվելով նաեւ կրթություն ստանալու իրավունքից: Ի դեպ, այս կոնֆլիկտը դրսեւորվեց նաեւ մեր այցելության օրը: Երանուհի  Գրիգորյանը վիճեց խնամքի կենտրոնի սոցաշխատող Գայանե Գրիգորյանի հետ, որն ի պատասխան աղջկա մոր բողոքների, փորձում էր խնամքի կենտրոնի տնօրենի օգտին խոսել: Արդյունքում աղջկա մայրը տնից դուրս հրավիրեց սոցաշխատողին:

Վիկտորյայի մայրը յուրահատուկ վերամերմունք ունի դպրոցի նկատմամբ, ինչպես ինքն ասաց, չի սիրել դպրոցը, դպրոց է հաճախել մինչեւ 6-րդ դասարանը: Նրա խոսքով,Վիկտորյան հիմնական դպրոց չի գնում, որովհետեւ դպրոցի հետ կապված ծախսերը հոգալու խնդիր ունեն. “Սովորական դպրոց էլ պետք չի գնա, ես չեմ կարողանում ոչ մի բան առնեմ, չունենալու համար ես չեմ կարողանում երեխային ճանապարհեմ”:

Վիկտորյան էլ է պնդում, թե խնամքի կենտրոնի տնօերնն իրեն ծեծում է: “Ծեծում ա ձիրեկտրը, էթում եմ, սապոկ եմ ուզում` ծեծում ա: Ինձի թաքուն տանում էր իրա կաբինետ, քաշում ծեծում էր, ձեռիցս քաշել էր, եկա տուն մաման կապուտը տեսավ: Էդքան տարի գնացել եմ, հա էլ տփել ա”,- Henaran.am-ին պատմեց աղջիկը ու հավելեց, թե խնամքի կենտրոնի սպասուհին` Նոնա Բաղյանը ասել է, թե Վիկտորյան “սապուն է կերել”:

“Բա ես որ ուտեի, չէ՞ի մեռնի”:

Աղջիկը մեզ հետ խոսում էր հանգիստ, առանց ագրեսիայի, զրույցում անկեղծացավ, թե գիշերօթիկ հաստատություն էլ չի գնա, բայց հիմնական դպրոց գնալ ուզում է, եթե “մաման կարողանա ղրգել”: “Որ մաման չի կարում ղրգի, ես ո՞նց գնամ, եթե կարողանար ղրգեր ու գիշերօթիկ չեթայի մնայի, կգնայի”,-ասաց Վիկտորյան:

Իսկ առայժմ աղջիկը տանն է, ինչպես մայրն ասաց, “զբաղվում է  իր գործերով” ` տունն է մաքրում, ճաշ եփում, իսկ կիրակի օրերին “հոգեւոր կենտրոն” է հաճախում: Վիկտորյան ու մայրը “Հիսունական” եկեղեցի են հաճախում:

“Հիսուսի մասին խաղեր ենք խաղում,  դաս ենք պատմում Աստվածաշնչից ու աստղիկ ստանում”,-պատմեց աղջիկը: Փորձեցինք պարզել, գուցե սա՞ է պատճառը, որ աղջիկը հրաժարվել է դպրոցից: Վիկտորյայի մայրն ասաց, որ մինչեւ դպրոցից հրաժարվելը դեռ մանկուց` չորս տարեկանից “հավատքի” են գնացել:

 Գենում կա, թաքնված ռեցեսիվ գենը դոմինանտեց…

Այցելեցինք նաեւ Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության  գիշերօթիկ հաստատություն: Այստեղ գուցե մեզ սպասում էին: Չի բացառվում, որ հաստատության սոցաշխատողը տնօրինությանը տեղյակ էր պահել այնտեղ այցելելու մեր մտադրության մասին: Հաստատության տնօրեն Կարինե Մարգարյանի խոսքով, երեխան կենտոն է հաճախել 2007 թվականից, սկզբնական շրջանում դրական վարք է դրսեւորել, բայց վերջին տարում մոր ազդեցությամբ փոխվել է: ”Գիշերը վեր էր կենում սատանայական ինչ-որ բաներ անում, պատուհանը բացում` ես ինձ պատուհանից կգցեմ, սատանան եկավ, ամբողջ սենյակում խուճապ էր”,-այսպես ներկայացրեց աղջկան խնամքի կենտրոնի տնօրենը:

Կարինե Մարգարյանն ասաց, որ աղջիկը 2012թ մարտի 25-ից խնամքի կենտրոն չի եկել, մայրը պատճառաբանում է, թե կենտրոնում պայմանները վատն են, մաքուր չէ:

Հիմք ընդունելով աղջկա բացակայությունները եւ կյանքի պայմաների բարելավումը /մոր ամուսնությունից հետո հանրակացարանի` համեմատաբար բարվոք սենյակ են տեղափոխվել/, խնամքի հաստատության տնօրենը դիմել է Կոտայքի մարզպետարանին, աղջկան հաստատությունից հանելու. “Հիմա նրանք պետք է որոշեն երեխան դուրս է գրվում, թե ոչ”:

 Փաստացի այս պահին Վիկտորյա Աճեմյանը դեռ շարունակում է մնալ խնամքի կենտրոնի սան: Աղջկա մայրը հաստատությունից դուրս գրելու մասին դիմում չի ներկայացրել: Կարինե Մարգարյանը համոզված է, որ աղջիկը մոր ձեռքում գործիք է դարձել, իսկ մոր նպատակը միայն պետության կողմից տրվող օգնությունն ստանալն է:

Մեր այն հարցին, թե այսուհանդերձ, նման իրավիճակում ի՞նչ է սպասվում աղջկան, Կարինե Մարգարյանն ասաց.”Իր մոր ճակատագիրը, իր մոր բախտը: Գենից ա, մարդու գենում կա, թաքնված ռեցեսիվ գենը դոմինանտեց, դա  գալիս է ժառանգական գենից, ուրիշ ոչինչ չունեմ ասելու, փնտրեք այնտեղ”:

Ի դեպ, զրուցեցինք նաեւ խնամքի հաստատության սպասուհու` Նոնա Բաղյանի հետ, ով Վիկտորյայի խոսքով իրեն մեղադրել է, թե “սապուն է ուտում”: Սպասուհին ասաց, որ  քնի ժամին աղջիկը խանգարում էր մյուսներին  քնել ու ծիծաղում էր: Մեր հարցին, թե իսկապե՞ս երեխան օճառ է կերել, սպասուհին պատասխանեց.”Կարող ա եւ չէր ուտում, մութ էր, լույսը անջատում ենք ժամը տասին, մինչեւ էս սենյակից էն սենյակն եմ գնում, նորից գալիս եմ` ձեներ է գալիս, ասում եմ` քնեք, ասում են` էս Վիկտորյան չի թողնում, ասում է սապուն եմ ուտում, լյուստրա եմ ուտում”: Մինչդեռ տնօրեն Կարինե Մարգարյանն այս միջադեպի մասին մեզ ասաց, որ սպասուհին Վիկտորյային օճառ ուտելիս է տեսել եւ ձեռքից վերցրել, իսկ աղջիկը մորը ստել է, թե իրեն դրա համար ծեծել են:

Խնամքի կենտրոնում մեզ առաջարկեցին Վիկտորյայի մասին զրուցել նաեւ մյուս երեխաների հետ, սակայն հրաժարվեցինք` նկատելով դաստիարակների կողմից երեխաներին ուղղորդելու միտում:

Վերջում այցելեցինք նաեւ Բյուրեղավանի հիմնական դպրոց: Դպրոցի տնօրեն Մերի Սարգսյանը  եւս ասաց, որ աղջիկը հրաժարվում է դպրոց հաճախել, սակայն դժվար է ասել մա՞յրը թույլ չի տալիս, թե՞ նա չի ուզում:

Տնօրենը պատմեց, որ այս տարվա օգոստոսի վերջին Վիկտորյաի մայրը բորբոքված ու բարկացած եկել է եւ հայտարարել, որ աղջիկը չի ուզում դպրոց գալ: Հոր հետ ունեցած զրույցից հետ, սեպտեմբերի 3-ին աղջիկը եկել է, մաքուր, գեղեցիկ հագնված, բայց դպրոցում երկար չի մանցել.“Ամբողջ  երեք հարկ երեխան մեզ իր հետեից ման տվեց` ինձ, փոխտնօրենին, տնտեսվարին, հավաքարարին. ես ինձ կվնասեմ, պատուանից կգցեմ, կկախեմ, գոռգոռում էր, հիստերիայի մեջ էր ընկել: Պատճառը չենք հսկանում: Զանգեցինք, մորը, որ ասենք` եկեք երեխային տուն տարեք, որ մենք էլ հանգիստ լինենք: Մինչ մոր հետ խոսում էինք, հայրը եկավ, նույն անվայելուչ, դպրոցականին ոչ վայել պահվածքով խոսեց հոր հետ ու փախավ դպրոցի դարպասներից, հայրն էլ` նրա հետեւից: Այդ օրվանից այլեւս դպրոց չի մտել”:

 Հ. Գ.1 Վիկտորյա Աճեմյանի մոր` Երանուհի Գրիգորյանի հետ մեր զրույցի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել այստեղ:”Աղջիկս էթա, մի բան ըլնի՞ էս չար աշխարհում: Տանն ա, լույսը կբացվի, իրա գործերը, իրա հոգեւոր կյանք…”,-ասում է Վիկտորյայի մայրը:

Հ.Գ.2 Բյուրեղավանի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամ  Մարինա Օսիպյանը, մեր ներկայությամբ Վիկտորյայի մորը` Երանուհի Գրիգորյանին խոստացավ քաղաքապետարանի աջակցությամբ աղջկան ապահովել գրենական պիտույքներով եւ ձմեռային կոշիկներով, եթե աղջիկը հիմնական դպրոցից չհրաժարվի: Իսկ հիմնական դպրոցի տնօրեն Մերի Սարգսյանը հավաստիացրեց, որ աղջկա` դպրոց վերադառնալու դեպքում, ով մի ամբողջ կիսամյակ բացակայել է ուսումնական գործընթացից, Կոտայքի մարզպետարանի համապատասխան բաժնի հետ կփորձի լուծումներ գտնել` իրեն տրված լիազորությունների շրջանակներում:  Henaran.am-ը հետեւողական է լինելու աղջկա խնդրին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ