Հայ-վիետնամական համագործակցությունն աշխուժացման հիմքեր ունի
Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցել ցանկացող երկրների շրջանակը առաջիկայում ընդլայնման լուրջ հեռանկարներ ունի։ Մի բան, ինչը նպաստավոր միջավայր կարող է ստեղծել ինչպես անդամ այլ երկրների, այնպես էլ Հայաստանի ունեցած առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման համար։
Մասնավորապես ԵՏՄ հետ պատրաստվում է ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրել Վիետնամը։ Դա նոր հնարավորություն է բացում նաեւ հայ-վիետնամական տնտեսական համագործակցության համար։ Հատկապես որ, ինչպես Վիետնամի իր գործընկերոջ հետ անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետը, վերջին տարիներին դրա համար բավական լավ հիմքեր են ստեղծվել։
Հայ-վիետնամական առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակը անշուշտ շատ բարձր չէ, այնուհանդերձ առկա միտումները վկայում են, որ դրա համար բավական մեծ ներուժ կա՝ առավել եւս, սպասվող նպաստավոր միջավայրի առկայության պայմաններում։
Հայաստանի եւ Վիետնամի միջեւ առեւտրաշրջանառությունը հասնում է տարեկան գրեթե 20 մլն դոլարի։ Սակայն այն հիմնականում բաժին է ընկնում ներմուծմանը։ Այս երկրից Հայաստան բերվող ապրանքների տեսականին բավական բազմազան է, թեեւ դրանց գերակշիռ մասի ներմուծման ծավալները չափազանց փոքր են։
Ներկրման կառուցվածքում ամենամեծ բաժինը պատկանում է բջջային հեռախոսներին։ 2014թ. այս երկրից Հայաստան է բերվել 65 հազար հեռախոսային ապարատ։ Դրանց միջին գինը մաքսային սահմանին տատանվել է 100-105 հազար դրամի սահմաններում։
Վիետնամական բջջային հեռախոսների պահանջարկի կտրուկ աճ է գրանցվել հատկապես անցած տարվա ընթացքում։ Այն 4,3 անգամ ավելացել է։ Ընդ որում, արձանագրվել է ավելի էժան հեռախոսային ապրատների ներմուծման միտում։ Դրանց մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 6,8 մլն դոլար։
Երկրորդ խոշոր ապրանքատեսակը թեյն է, որի մաքսային արժեքը 4 մլն դոլարի սահմաններում է։ Այս երկրից Հայաստան է բերվել 1,6 մլն դոլարի համակարգչային տեխնիկա։ Վիետնամից Հայաստանը ներկրել է նաեւ ոչ մեծ ծավալի կոշկեղեն եւ հագուստ։
Այս երկիր Հայաստանի արտահանման ինչպես ծավալը, այնպես էլ տեսականին մեծ չէ։ Այն ըստ էության, նոր է ձեւավորվում եւ առայժմ քիչ, թե շատ էական տեսակարար կշիռ չի կազմում ընդհանուր արտահանման մեջ։
Անցած տարի Հայաստանից Վիտենամ է արտահանվել ընդամենը երկու անուն ապրանքատեսակ։ Խոսքը՝ մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող էթելիային սպիրտի եւ փոքր խմբաքանակով դեղամիջոցների մասին է։ Նշենք, որ 2013թ. այս երկիր Հայաստանից ընդհանրապես արտահանում չի իրականացվել։
Այնպես որ, Վիտենամը հայկական ապրանքների համար ըստ էության նոր շուկա է, որին առաջարկվող տեսականին առաջիկայում կարող է համալրվել հատկապես ակցիզային ապրանքների հաշվին։ Սակայն դրանց շրջանակը ճշգրտման կարիք ունի։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ երկու երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ կարեւորվեց հայ-վիտենամական միջկառավարական հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաեւ գործարար համաժողովներ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչը Հայաստանի վարչապետի կարծիքով, լավ խթան կհանդիսանա երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ