28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Քառատել են հորեղբորս ու մերկացրել նրա դին

Սիմոն Հակոբյանի պատմությունը

1915 թ., Սասուն

Հասմիկ Ահարոնյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր պատմությունը: Նա, մայրը` Հռիփսիկը, հարսը և երկու թոռները` 4 տարեկան Գեղամն ու 3 տարեկան Փարիշանը, գաղթելիս են լինում, երբ նրանց է հասնում Սիմոնի մեծ եղբայրը` Խաչոն, ու ձեռքից քաշելով հանում է նրանց միջից, որ միասինմիանան ֆիդայիններին:

«Հայրս՝ Սիմոն Հարությունի Հակոբյանը, ծնվել է Սասունի Շենիք գյուղում: 1915 թ-ի կոտորածի ժամանակ ամբողջ գյուղը տեղահան է արվում, այդ թվում նաև հորս ընտանիքը: Հայրս, մայրը` Հռիփսիկը, հարսը և երկու թոռները` 4 տարեկան Գեղամն ու 3 տարեկան Փարիշանը, գաղթելիս են լինում, երբ նրանց է հասնում հորս մեծ եղբայրը` Խաչոն, ու հորս ձեռքից քաշելով հանում է նրանց միջից, որ միասին միանան ֆիդայիններին:

Եվ այդպես հայրս եղբոր ու մի 2 հոգու հետ գյուղում գաղտնի հավաքված պայմանավորվում են իրենց հետագա անելիքների մասին, երբ հայրս նկատում է, որ մի քուրդ գաղտնի իրենց է հետևում: Զգուշացնում է եղբորը, խնդրում, որ փախչեն այդտեղից, սակայն Խաչոն նկատելով քրդին հանգստացնում է նրան. «Չէ մի վախենաք, էդի մըզի ծանոթ քուրդ է, չմադնա»:

Այնուամենայնիվ հայրս շատ անհանգիստ այս ու այն կողմ նայելով անընդհատ ինչ-որ բան տագնապում է իր ներսում: Նա չէր սխալվել, չանցած մի քանի րոպե այդ «ծանոթ քուրդը» մատնում է թուրքերին և մի մեծ խումբ առած գալիս է դեպի հորս ու եղբոր կողմը: Հայրս չի հասցնում փախչել, նրան բռնում են և մեծ եղբորը պահանջում դուրս գալ, եթե ոչ կգլխատեն եղբորը: Հորեղբայրս, տեսնելով եղբոր վիճակը, դուրս է գալիս ու եղբորը հրահանգում. «Սիմօ քըզի ուժով թափ տուր, պըրձի ըդոց ձեռքից ու փախի»: Նա այդպես էլ կատարում է` ճարպկորեն թափ է տալիս ու այնքան արագ է վազում, որ լսվում է իր հետևից ընկնող թուրքի թրի քստքստոցը վազքի ժամանակ ինչպես է հազիվ դիպչում բաց ժիլետին: Այդ պահին մնացած թուրքերը հարայ-հրոցներով հետ են կանչում իր հետևից ընկնող թուրքին ու բարկանում վրան, թե ինչ է ընկել էդ երեխու հետևից.«Արի էս ջանավարը մեզ կերավ»:

Այդպես թուրքը հետ է դառնում, իսկ հայրս շարունակում է վազել ձորակն ու թաքնվել ջրերի մեջ: Որոշ ժամանակ անց իրենց վայրագությունն ավարտած ձորակ են իջնում նույն թուրքերը: Այս անգամ Սիմօյին` հորս ման գալու: Ձորակի մյուս ափին կանգնած թուրք չոբանը բղավում է, թե այդտեղ է, ձեր ոտքերի տակ, բայց նրանք չեն գտնում: Հայրս մի մեծ կտոր չիմ (կանաչ մամռակալած խոտերով հող) դնում է գլխին և կիսշունչ ու շարունակում է մնալ անշարժ դիրքով, որ թուրքերը չնկատեն: Չոբանը շատ է զայրանում, սկսում է հայհոյել սրանց, թե կանգնած գյավուրի մոտ չեն տեսնում: Սրանք սկսում են թրերը շաժել ջրերի մեջ, ման գալ, բայց ապարդյուն, թողնում հեռանում են:

Երբ մութը լավ ընկնում է, տարածքը մաքրվում է թուրքերի շարժից հայրս կռկված ու սառած դուրս է գալիս ջրից ու սողեսող մոտենում ափին, ավազը ուժասպառ վրա է բերում ու ծածկում սառած մարմինը, որ մի քիչ տաքանա: Այդ պահին լսում է, որ ինչ-որ մեկը իրեն ձայն է տալիս: Սկզբում վախենում է արձագանքել, մտածելով, թե կարող է թուրքերը ծուղակ են սարքում: Նորից նույն ձայնը կանչում է «Սի’մօ, Սի’մօ, ես իմ, Ահմադն իմ»: Հայրս համոզվում է, որ իրենց քուրդ հարևան Ահմադն է ձայն տալիս: Ահամադը երեխա չուներ, կինն անկողնային հիվանդ էր:

Երբ Ահմադը հորս հետ ներս է մտնում, կինը սկսում է հեկեկալ, տեղից վեր է կենում, հորս գլուխը շփում ու լաց լինում: Հանկարծ բուխարու լույսից հայրս նկատում է սենյակի անկյունում քցած եղբոր որդու` փոքրիկ Գեղամի գդակն ու եղբոր` Խաչոյի շորերը: Նա գոռալով նետվում, վերցնում է գդակն ու եղբոր արնոտ շորերը…  Թուրքերը ոչ միայն քառատել էին Խաչոյին, այլև սպանդից հետո տկլորացրել ու հանել էին անգամ իրենց կողմից հոշոտված մարդու շորերը: Այս ամենը տեսնելով Ահմեդի կինը բարկանում է ամուսնու վրա, թե ինչու շորերը թողեց տանը (սպանողներից մեկը հավանաբար Ահմեդի կնոջ բարեկամն է եղել): Ահմադը հորս ասում է, թե որտեղ է եղբոր դին: Նա խելակորույս վերցնում է բահն ու գնում Գըզ-գըզ (որքան հիշում եմ տարածքի անունը այդպես էր) սար:

Սարի աղբյուրից 15 քայլ աջ, մեծ քարի մոտ թաղում է խոշտանգված, գլուխը թրով երկու կես եղած (հայրս ասում էր, որ դա այն թուրքի թրի հարվածն էր, որն իր հետևից էր ընկել թրով, բայց չհասավ) ու պղծված եղբոր սուրբ մարմինը: Սիմոնը որոշ ժամանակ մնում է քրդի տանը և մշակություն անում: Մի օր գոմում տեսնում է ձեռքերը կապած կողքի գյուղերից մեկի եկեղեցական Հովհաննեսին ու ճակատագրի բերումով հետագայում դառնում է հորս խնամին (իմ սկեսրայրը): Մոտենում է, ծանոթություն տալիս: Վերջինս խնդրում է արձակել ձեռքերը: Նա օգնում է, արձակում ձեռքերը, մի փոքր կերակրում ու հաջողացնում փախցնել…

Կարճ ժամանակ և Ահմեդի տանից հեռանում է հայրս ու գնում միանալու հայդուկներին: Նա հայդուկներից պահանջում է իրեն շինել հագցնել ու զենք տալ: Նրանք ծիծաղում են ու դիմում Անդրանիկին, թե զենք է ուզում: Զորավարի հարցին, թե կրակել գիտե, նա պատասխանում է, որ իր եղբայրը իրեն կրակել սովորեցրել է, գիտի: Անդրանիկը հրամայում է շինել հագցնել ու զենք տալ: Փոքրամարմին ու վտիտ կազմվածքի պատճառով ամենափոքր շինելը հագցնելիս քսվում է գետնին: Զորավարն ասում է, որ թողնեն հագին մնա: Եվ այսպես նա միանում է Չոլոյի խմբին (վերջինս հորս կնքահայրն է եղել): Այսպես նա անցնում է հայդուկային պայքարի, բայց մտքից չի հեռանում քույրը` Շողիկը: Հետաքրքրվելն իր արդյունքն է տալիս, վերջապես ճշտում է քրոջ տեղը: Վերջինիս ամուսինը ևս միանում է հայդուկներին և զոհվում կռիվներում:

…Հայրս քրոջը մենակ չի թողնում, գտնում է նրան և բռնում են գաղթի ճանապահը: Քույրը ճանապարհին կորցնում է երեխային: Նա այլևս ի վիճակի չի լինում քայլել, ամբողջովին հյուծվում է: Հորս հորեղբոր տղաներից առաջարկում են զարկեն ու առաջ անցնեն, որ իրենց գնդակից մեռնի, բայց թուրքի ձեռքը չնկնի: Սակայն հայրս թույլ չի տալիս, ասում է, շալակով կտանի իր քրոջը: Եվ այդպես քրոջը շալակած թողնում են Ավետյաց Երկիրը և Մեծ ու Փոքր Մասիսների արանքով հասնում Արևելյան Հայաստան: Բնակություն են հաստատում Թալինի Շրջանի Ոսկեթաս գյուղում: Այս անգամ սկսվում է Սարդարապատի ճակատամարտը: Հայրս մասնակցում է նաև այդ կռիվներին»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ