23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տավուշցիների հույսը մարզպետարանն է. Հայացք

Տավուշում օրերս տեղացած ուժեղ կարկուտի եւ անձրեւների հետեւանքով մարզի գյուղատնտեսությունը մեծ վնաս է կրել, իսկ կառավարությունը ոչ մի հույս չի տալիս գյուղացիներին: Նույն սցենարը կրկնվում է գրեթե ամեն տարի, երբ բնական աղետների հասցրած վնասի պատճառով անօգնական մնացած գյուղացուն պետությունը ոչ մի փոխհատուցում չի տրամադրում:

Գյուղատնտեսության նախարարությունի “Հայացք”-ին տեղեկացրին, որ տուժած գյուղացիներին այս անգամ էլ փոխհատուցում չի տրվելու եւ որ հարցով զբաղվում է մարզպետարանը:

Իսկ մարզպետարանի մասնագետներից բաղկացած հանձնաժողովները երեկվա դրությամբ դեռ շրջում էին գյուղ առ գյուղ եւ գնահատում վնասի չափը: Տավուշի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը թերթի հետ զրույցում նշեց, որ անգամ նախնական թվեր չի կարող հնչեցնել, թե մարզի գյուղատնտեսությանը հասցված վնասը քանի տոկոս է կազմում:

Փոխարենն արդեն թվերով են խոսում տուժած գյուղերի գյուղապետները: “Բավականին մեծ վնաս են կրել կարտոֆիլի եւ ցորենի ցանքատարածությունները, մոտ 30-40% կկազմի վնասը”,- “Հայացք”-ին տեղեկացրեց Նորաշենի գյուղապետ Արթուր Սիմոնյանը:

Կարկուտի եւ տեղատարափ անձրեւի հետեւանքով մեծ վնասներ են կրել մարզի Այգեձոր, Չինարի, Նորաշեն, Արծվաբերդ, Տավուշ եւ Վերին Կարմիրաղբյուր գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:

Սահմանապահ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով` վերջին օրերին տեղատարափ անձրեւների պատճառով ոչ միայն գյուղատնտեսությունն է մեծ վնաս կրել, այլեւ գյուղամիջյան ճանապարհն է քանդվել: “15-20 տան նկուղ ջուր է լցվել: Բերքն էլ է ահագին տուժել, չնայած հարկերից ազատված ենք, բայց վնասը մեծ է”,- նշեց գյուղապետը:

Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ վնասի գնահատման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Ըստ գյուղապետի` Տավուշ գյուղում մոտ 20 հա խաղողի այգի է տուժել, որից 7 հա-ն` 100%-ով: Տուժել է կարտոֆիլի բերքի 80%-ը, ցորենի արտերի 10-15%-ը: Գյուղացիները թունանյութերի պարտքեր ունեն Կոնյակի գործարանին եւ այս պայմաններում չեն կարողանալու վճարել դրանք: Արթուր Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել գործարանի ղեկավարությանը` խնդրելով չեղյալ համարել գյուղացիների պարտքը:

“Անցած տարի գործարանի ղեկավարությունը 6 մլն դրամ բուժանյութի պարտք ներեց: Այս տարի էլ միակ հույսը Կոնյակի գործարանն է, որ գոնե պայմանագրով գյուղացիներին հատկացված բուժանյութի պարտքը ների: Մենք, այսպես թե այնպես, այս տարի խաղող չենք ունենալու, գոնե պարտք էլ չունենանք”,- ասաց գյուղապետը` տեղեկացնելով, որ յուրաքանչյուր ընտանիք գործարանին պարտք է 150 հազար դրամ բուժանյութի գումար:

“Նշենք, որ տուժած բոլոր գյուղերը սահմանամերձ ու սահմանապահ գյուղեր են: Մարզի նշված համայնքների հողատարածքները պաշտպանելու համար ոչ հակակարկտային կայաններ են կառուցվել, ոչ էլ կառավարությունը գյուղացուն աջակցելու քայլ է կատարում: Իսկ թե այս պայմաններում ինչպե՞ս պետք է գոյատեւի սահմանամերձ գյուղի բնակիչն ամբողջ տարվա ընթացքում` անլուծելի հարց է մնում”,-գրում է “Հայացք”-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ