Անահիտ Բախշյանը դիմում է ոստիկանությանը

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը վրդոված է: Բախշյանի վրդովմունքը այն ծնողների հանդեպ է, ովքեր իրենց երեխաներին զրկում են կրթություն ստանալու իրավունքից:
Ավագանու անդամը դիմում է ՀՀ ոստիկանությանը, որպեսզի նրանք որոնեն և գտնեն երեխաներին կրթության իրավունքից զրկած ծնողներին:
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Բախշյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ ամուսիններ Մխիթարյան Արթուրը և Պետրոսյան Անժելան, որոնք Աբովյանի քաղաքի բնակիչներ են, 2014թ. վերցրել են իրենց երկու երեխաներին եւ հեռացել անհայտ ուղղությամբ՝ զրկելով նրանց կրթության իրավունքից։
Անահիտ Բախշյանի խոսքով ` ոստիկանները այս ընտանիքի մասին գիտեն և այնպիսի տպավորություն է, որ չեն զբաղվում այդ հարցով.«Արթուրն ու Անժելան ունեն երեք երեխա և 4-րդին են սպասում: Երեխաներից երկուսը դպրոցահասակ են, մեկն էլ պետք է բանակ գնար, բայց խուսափել է և փախչել»:
Անահիտ Բախշյանը նշեց, որ ԶԼՄ-ների միջոցով այս խնդիրը բարձրաձայնելով `ցանկանում է պատկան մարմինների ուշադրությունը սևեռել այս խնդրին. «Այս ընտանիքի մասին ցանկանում եմ հայտնել նաև Աբովյանի խնամակալության և հոգաբարձուների խորհրդին»,-հավելեց Անահիտ Բախշյանը: