Եթե մարդն անցնում է օրինականության սահմանը, պետք է պատժվի անկախ նրանից՝ ում բարեկամն է /վիդեո/
<<Կոնկրետ այդ դեպքի մանրամասներին չեմ տիրապետում: Կա համապատասխան լիազոր մարմին, դատական իշխանություն, որը զբաղվում է այդ հարցով, բայց ես իմ կարծիքը պաշտոնյաների որդիների վերաբերյալ, այդ թվում և իմ ընտանիքի անդամների մասին, ասել եմ ԱԺ վերջին նիստի ժամանակ>>,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը չպիտի քննարկի Սյունիքի մարզպետի ու նրա ընտանիքի անդամների մշտապես միջադեպերի մեջ հայտնվելու հարցը:
Նա ներկայացրեց իր տեսակետը ևս մեկ անգամ. <<Անկախ նրանից ում որդին է, ում բարեկամն է, ում հարևանն է, եթե մարդն անցնում է օրինականության սահմանը և խախտում է օրենքը, պետք է պատժվի: Սա մեր ընդհանուր գնահատականն է>>,-ասաց նա՝ հավելելով, որ Գորիսի դեպքերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության չի տիրապետում:
Սակայն ընդհանուր առմամբ, նրա խոսքով, պաշտոնյայի ընտանիքի անդամը պետք է հասկանա, որ պաշտոնը տրված է ոչ թե վայելքի, այլ պատասխանատվության համար:
Նա նշեց, որ այս հարցով զբաղվում է դատական համակարգը, որն անկախ է: