Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը մեկնարկում է
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ս. թ. մայիսի 8-12-ը, Կոմպոզիտորների միության դահլիճում անցկացնում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 2-րդ մրցույթը: Մրցույթի հովանավորներն են՝ «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և այլ կազմակերպություններ:
Մրցույթի նպատակն է քաջալերել պատանի կոմպոզիտորների առաջին քայլերը, հնարավորություն տալ ներկայացնել իրենց ստեղծագործությունները:
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 2-րդ մրցույթին մասնակցում են 19 պատանի ստեղծագործողներ՝ Երևանից և ՀՀ մարզերից: Մասնակիցները հանդես կգան տարիքային երկու խմբում՝ կրտսեր և ավագ: Կրտսեր խմբում՝ 8-13 տարեկանների, մրցութային փուլ են անցել 8 մասնակից՝ Մարինե Մկրտչյանը, Մարիամ Զարգարյանը, Ալլա Համբարձումյանը, Արինա Իսահակյանը, Տիգրան Մարդանյանը, Վան Բերբերյանը, Անդրեյ Կուրբետը, Գրիգորի Բալասանյանը: Ավագ խմբում 11 մասնակից՝ Նարեկ Խաչատրյանը, Արման Մնացականյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վիկտորիա Դարբինյանը, Անահիտ Մնացականյանը, Արամ Շեկիկյանը, Արշակ Մուրադյանը, Ջեմմա Մինասյանը, Անահիտ Գրիգորյանը, Լեո Բաղդասարյանը և Նարեկ Անդրեասյանը:
Հանձնաժողովի որոշմամբ մրցութային երկու փուլերը կանցկացվեն Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում, մայիսի 8-ին, ժամը 15:00-ին: Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին, մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ Էդվարդ Միրզոյանի շիրիմին, հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին, այնուհետև, Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կմասնակցեն մրցանակաբաշխությանը և գալա համարգին: