26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որտեղի՞ց է ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատը

Կան շատ մարդիկ, որոնք ուրիշներին դատելով, իրենց երեւակայության մեջ պատրաստ են քանդել եւ փլուզել ամեն ինչ եւ նվաստացնել բոլորին, նրանք հիվանդագին են արձագանքում ուրիշների թերություններին եւ վերջ ի վերջո սեփական մտքի հակամարտությունների արդյունքում գալիս են ներքին հոգեկան սպառման: Մերձավորին դատելու երեւույթը խլում է մեզնից ներքին խաղաղությունը, բերում է նյարդայնացման, զրկում է քնից:

Որտեղի՞ց է առաջանում այդ ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատ կողմերը: Դատելու պատճառը թաքնված է մեր եսասիրության մեջ: Եթե մենք մեզ ավելի ենք սիրում, քան ուրիշներին, մերձավորի մեջ կտեսնենք միայն թերություններ, իսկ մեր մեջ միայն դրական կողմեր ու արժանիքներ, որպեսզի ցույց տանք, որ ուրիշներից ավելի լավն ենք:

Ի՞նչ միջոցներով կարելի է հաղթահարել այդ վատ սովորությունը:
Առաջին միջոցը՝ «Մի՚ դատեք, որպեսզի չդատվեք» (Մատթ.7; 1): Սուրբ հայրերից մեկը դա այդպես է բացատրում. Տիրոջ դատավճիռը այս մեղքի համար խիստ է եւ վճռական: Ով դատում է ուրիշներին, նրա համար արդարացում չի լինի: Ի՞նչ անենք: Ինչպե՞ս ազատվենք այս վտանգից: Շատ ազդեցիկ միջոց կա դատելու սովորության դեմ՝ սեփական անձը դատապարտված համարել: Ով զգում է իրեն դատապարտված, երբեք չի դատի ուրիշին, այլ միայն կասի.

«Տե՛ր, ողորմիր,Տե՛ր, ներիր ինձ իմ հանցանքները»:

Հարանց վարքում կա մի պատմություն, թե ինչպես վանական եղբայրները հավաքվում են դատելու մի եղբոր արարքը եւ կանչում են աբբա Մովսեսին: Մովսեսը մի պարկ ավազ է լցնում, շալակում է եւ գնում մեղանչած եղբորը դատելու: Վանական եղբայրները հանդիպելով վանահորը հարցնում են. «Այդ ի՞նչ բեռ ես շալակել»:

«Դա իմ մեղքերն են, – պատասխանում է աբբան, – որոնք ես չեմ տեսնում, բայց հիմա գնում եմ դատելու ուրիշին իր գործած մեղքերի համար, որոնք ինձ նկատելի են»: Եղբայրները, խրատվելով վանահոր պատասխանից, հրաժարվեցին դատել իրենց եղբորը:

Իրապես, եթե մենք ճանաչում ենք սեփական թերությունները, եւ մեր խիղճը հանգիստ չի տալիս մեզ, որ ինչ-որ տեղ սխալ վարվեցինք, ապա արդյո՞ք դրանից հետո ուշադրություն կդարձնենք մերձավորի սայթաքումների վրա: Արդյո՞ք կդատենք ուրիշին ինչ-որ բանի համար, իմանալով, որ մենք էլ բազմիցս վարվել են քրիստոնյային անվայել ձեւով:

Իսկապես, որ ներելով ուրիշներին իրենց մեղանչումները եւ ոչ մի բանում չմեղադրելով մենք խաղաղություն ենք բերում մեր հոգուց ներս: Տերը Իր խոսքի համաձայն չի դատում նրան, ով ուրիշներին չդատեց:

Երկրորդ միջոցը՝ չծաղրել մերձավորներին: Շատերի համար դա դարձել է արդեն մի տեսակ պահանջ՝ անպայման ինչ-որ բանում ծաղրել ուրիշին: Եթե մենք բավականություն ենք ստանում ուրիշներին ծաղրելուց, ուրեմն դա հստակ նշան է մեծամտության, անպատկառ եւ ինչ-որ տեղ նաեւ թշնամական վերաբերմունքի մերձավորի հանդեպ:

Չէ՞ որ ցանկացած ծաղր խոցում եւ նվաստացնում է ուրիշ մարդուն, հետեւաբար, ծաղրելով, մենք թերեւս չգիտակցելով, վնասում, չարիք ենք պատճառում նրան: Ծաղրանքը, որը արվում է մարդու ներկայությամբ, ընդունակ է դարձնել նրան չար եւ խստասիրտ:

Ծաղրասիրությունը նշան է ներքին անմաքրության, երբ խղճի ձայնը այլեւս չի լսվում, դրա համար էլ այդպիսի մարդը խոցում է ուրիշներին իր վիրավորական խոսքերով: Նա ծիծաղում է, եթե որեւէ մեկը անվայել արարք է կատարում, եւ նորից ծիծաղում է, երբ ուրիշը լավ է վարվում:

Ծիծաղում է, երբ ուրախ լուր է լսում, բայց եւ նորից է ծիծաղում, եթե լսում է ուրիշի անախորժության մասին: Չկա այդ մարդու մեջ ոչ մի բան ճշմարիտ եւ լուրջ: Ինչպե՞ս, սակայն, պահի իրեն մարդ, որին ծաղրում են: Ուշադրություն չդարձնի սուր խոսքերին. դա գլխավոր զենքն է ծաղրուծանակի դեմ:

Եթե մենք սառնասիրտ լինենք ծաղրական խոսքերի նկատմամբ, ուրեմն դրանք չեն հասնի իրենց նպատակին եւ մեզ այլեւս չեն ծաղրի:

Երրորդ միջոցը. պետք չէ հայտարարել ուրիշների տկարությունների, թերությունների ու մեղքերի մասին: Նախ, մեզ հայտնի չեն ուրիշ մարդկանց արածների դրդապատճառները՝ ինչու նրանք վարվեցին տվյալ դեպքում այսպես, եւ ոչ թե այլ կերպ: Հաճախ պատահում է, որ մեզ հասած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ մենք արդեն շտապում ենք տարածել մեր ծանոթներին՝ «ինչպե՞ս նա այդպես վարվեց»: Եվ վերջապես դա վնաս է մեր հոգու համար, որը այս տեսակ բամբասանքներից հետո միշտ դատարկություն, ներքին կշտամբանք եւ դիսկոմֆորտ է զգում:

Մի մարդ գալիս է իր հոգեւոր ուսուցչի մոտ եւ ասում. «Գիտե՞ս՝ ինչ ասաց քո մասին այսօր ընկերդ»: «Սպասի՛ր, – կանգնեցրեց նրան ուսուցիչը,- սկզբից, այն ինչ ուզում ես ասել, անցկացրու երեք մաղերով»: «Ո՞րն են այդ երեք մաղերը», – զարմացավ աշակերտը: «Նախքան մի բան ասելը, պետք է այն երեք անգամ անցկացնել մաղով: Նախ՝ անցկացնել ճշմարտության մաղով: Դու համոզվա՞ծ ես, որ այն ինչ ուզում ես ինձ ասել ճիշտ է», – «Ոչ, ես պարզապես լսել եմ այդ մասին», – «Լավ, ուրեմն դու չգիտես՝ ճիշտ է դա, թե ոչ:

Ուրեմն անցկացնենք դա երկրորդ՝ լավության մաղով: Դու ուզում ես ասել իմ ընկերոջ մասին ինչ-որ լա՞վ բան», – «Ոչ», – ափսոսանքով պատասխանեց աշակերտը: «Ուրեմն դու պատրաստվում ես ասել նրա մասին վատ բան, բայց եւ անգամ վստահ չես, որ ասածդ ճշմարիտ է լինելու: Իսկ հիմա անցկացնենք դա երրորդ՝ օգտակարության մաղով: Անհրաժե՞շտ է ինձ լսել այն, ինչ դու պիտի ասես», – «Ոչ, դրա մեջ որեւէ անհրաժեշտություն չկա»,- համաձայնվեց աշակերտը: «Այսպիսով, – եզրակացրեց ուսուցիչը,- այն ինչ դու ուզում ես ասել, ոչ ճշմարիտ է, ոչ լավ, ոչ էլ օգտակար: Ուրեմն, ինչո՞ւ ես ինձ դա ասում:

Եվ մեզ, յուրաքանչյուրիս, նախքան մեր մերձավորների մասին լուրեր ու բանբասանքներ տարածելը, արժե այդ ամենը անցկացնել երեք մաղերով՝ ճշմարտության, լավության եւ օգտակարության:

Այսպիսով, կյանքում հաճախ ամեն ինչ պատահում է ոչ այնպես, ինչպես անձամբ մեզ է թվում: Դրա համար, լավ է ուրիշ մարդկանց մասին դատաստանը հանձնել Աստծուն, իսկ մեր ուշադրությունը դարձնել սեփական հոգեւոր կյանքի խնդիրների վրա, որպեսզի հաղթահարենք այն ամենը, ինչի համար կարող ենք դատապարտվել Սրտագետ Աստծո առաջ:

Թարգմանությունը ռուսերենից կատարեց՝
Տեր Ընծա քհն. Միրզոյանը

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ