Սասունում ապրող միակ ամուրի հայը ցանկանում է ամուսնանալ հայ աղջկա հետ
Այժմյան Թուրքիայի Բաթմանի նահանգի Սասուն գավառի Չալըշար գյուղում ապրում է ընդամենը 2 հայ ընտանիք: Ընտանիքներից մեկի 38-ամյա ներկայացուցիչ Ջեմիլ Քափլանը, ով դեռ ամուրի է, «batmancagdas» տեղական կայքին տված հարցազրույցում ասել է, որ ցանկանում է վերջ դնել իր ներկայիս կարգավիճակին և ընտանիք կազմել, գրում է Ermenihaber.am-ը:
«Ցանկանում եմ ամուսնանալ մի հայ աղջկա հետ, ով կուզի պրել Մարութա սարի փեշերին տեղակայված մեր գյուղում»,-ասել է հայ գյուղացին:
Քափլանը, ով ծնվել և մեծացել է Մարութա սարի ստորոտին գտնվող Չալըշար գյուղում, ավելացրել է. «Մեր մերձավորներից շատերը Երևան կամ Ստամբուլ մեկնեցին: Ես և հորեղբորորդիս` Արիֆ Քափլանը, գյուղում մնացած միակ հայերն ենք: Տարիքս աճում է: Ամուսանանալու համար հայ աղջիկ եմ փնտրում»:
Ջեմիլ Քափլանը, նշելով, որ չի ցանկանում լքել այն գյուղը, որտեղ գտնվում են հոր և մնացած նախնիների շիրիմները, ասել է, որ արդեն Ստամբուլում և Երևանում գտնվող իր ազգականներին լուր է ուղարկել, որ հարսնացու է փնտրում:
Աղբյուր` Ermenihaber.am