Մենք հավատում ենք, որ 1.5 մլն հայ է սպանվել. Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան
Թուրքիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բասսը Ստամբուլում մասնակցել է Հայոց ցեղասպանության ժամանակ ձերբակալված ու սպանված հայ մտավորականների հիշատակի համերգին: Այնուհետև դեսպանը պատասխանել է թուրքական imc հեռուստաընկերության լրագրողի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին հարցերին, գրում է Ermenihaber.am-ը:
Դեսպանը մասնավորապես ասել է. «Մենք հավատում ենք, որ Մեծ Եղեռնը, որի ժամանակ 1.5 միլիոն հայեր են սպանվել, աննկարագրելի ողբերգություն է: Այդ մասին ասում է նաև նախագահ Օբաման իր ամենամյա ուղերձում:
Կարևոր է այն աշխատանքը, որը պետք է տարվի այս հասարակության բոլոր շերտերին Մեծ Եղեռնի հետ կապված ողջ ճշմարտությունն ընդունելու հնարավորություն ստեղծելու համար: Այդպիսով բոլորը կկարողանան շարժվել առաջ և կենտրոնանալ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ ընդհանուր հող ստեղծելու վրա»:
Իսկ այն հարցին, թե ինչքան են մոտ կարգավորմանը, Բասսը պատասխանել է, որ այդ հարցը պետք է տալ Թուրքիայի քաղաքացիներին, իրենց գործը միայն օգնությունն է այդ հարցում:
Աղբյուր` Ermenihaber.am