24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը

Ապրիլի 16-25 ընթացքում դիտվում է Լիրիդների ասուպային հոսքը, որի առավելագույն փուլն ընկնում է ապրիլի 21-22-ի գիշերը:

Այն դիտվում է Քնարի (Lyra) համաստեղության ուղղությամբ (Կարապի համաստեղության հարևանությամբ)` երկնքի ամենապայծառ աստղերից մեկի` Վեգայի մոտ, որտեղ գտնվում է ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է «ռադիանտ»: Լիրիդներն ընդհանուր առմամբ մաքսիմումից բացի մյուս օրերին բավական թույլ են: Ընդհանրապես, Լիրիդները հզոր ասուպային հոսքերից չեն, բայց դիտումների համար նրանք հետաքրքիր են, քանի որ դրանից առաջ մոտ երեք և կես ամիս այլ հոսքեր չկային:

Հոսքի ինտենսիվությունը մաքսիմումում սովորաբար տատանվում է ժամում 5-20 ասուպի սահմաններում` միջինում լինելով 10, իսկ առանձին ասուպների պայծառությունը հասնում է +2 աստղային մեծության (անզեն աչքով դիտվող միջին պայծառության աստղերի):

Լիրիդներն ունեն երկու առանձնահատկություն. 1) նրանց դիտումները սկսվել են չինացիների կողմից դեռևս 2700 տարի առաջ (ք. ա. 687թ.), ինչն ամենահինն է բոլոր ասուպային հոսքերի մեջ և 2) նրանք ժամանակ առ ժամանակ «բռնկում» են ցուցաբերում` հասնելով ժամում մինչև 100 և ավելի ասուպ, ինչի պատճառը Երկրի անցումն է հոսքի ամենախիտ մասով:

Օրինակ, 1982-ին դիտվել է ժամում 90 ասուպ, իսկ 1803-ին` ժամում 700 ասուպ, այսպես կոչված` ասուպային փոթորիկ: Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում:

Սովորաբար երկնաքարերի չափերը շատ փոքր են, և նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերևույթին, և միայն հազվագյուտ դեպքերում է որևէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել: Երկրի ճանապարհին հանդիպող երկնաքարերի խմբերը սովորաբար նույնացվում են որևէ գիսավորի հետ, որոնց նյութից դրանք առաջանում են: Օրինակ,

Լիրիդների հոսքի սկզբնաղբյուրը Թետչերի պարբերական գիսավորն է: Ընդհանրապես ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է, ինչպես նաև հոսքի բոլոր ասուպները որպես կանոն «ելնում» են երկնքի որոշակի տիրույթից` ռադիանտից: Երբեմն դիտվում են առանձնահատուկ ինտենսիվ հոսքեր, որոնք կոչվում են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր», երբ 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ:

Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ասուպային հոսք, որոնցից հատկապես ինտենսիվ են Քվադրանտիդները, Պերսեիդները, Լեոնիդները և Գեմինիդները:

Հայկական աստղագիտական ընկերություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ