Հիմա ճիշտ պահն է վերագտնել ժողովրդի սերն ու հարգանքը․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արտահերթի տանելու հերթական մանիպուլյացիոն ծաղրը այլևս հրապարակային դարձրեց։ Ընդդիմությունը պարտավոր է այլևս չկրկնել հին սխալները, պարտավոր է կուլ չտալ իրեն նետված հերթական խայծը, չվերցնել իրեն նետված հերթական ձեռնոցը։
Ի՞նչ է անում փաշինյան նիկոլը՝ անում է ինչ ուզում է, բացահայտ ասում է՝ գյադեք, էս կողմն անցեք, հետո հրահանգում է՝ չէ, էն մյուս կողմն անցեք։ Ժողովրդական բանահյուսության մեջ սա կոչվում է քաջնազարական սինդրոմ, երբ բոլոր անգետները կատարում են «քաջի» բոլոր հրահանգները։ Նրան թվում է՝ էս անգամ ևս կհաջողի՝ եթե ընդդիմադիր երկու խմբակցություններից չգտնվի 7-8 մարդ, որ պատրաստ կլինեն, կներեք, ծախել իրենց, ապա Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների։ Իսկ եթե գտնվեն էդ «ծախվողները», ապա կմնա էս նույն խորհրդարանը նույն դեմքերով, և 2026-ի հունիսի 7-ին ընտրվածները կվայելեն պատգամավորությունը, դրանից բխող ամեն լավով ու վատով, բայց, արդեն «ափաշքյարա» ալիևական հովանու ներքո։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունը արդեն վերջնականապես ու անվերադարձ, կդառնա ադրբեջանական մուղամի տակ ինքնակամ շորորացող մի բան և, դրանից հետո որքան էլ ընդդիմադիր խմբակցությունները փորձեն ընդդեմ լինել, որքան էլ իրենց «սրտանց» կոտորեն քպ-ական սխալները, վայրագությունները, հակահայկականը ներկայացնելու, որքան էլ նիստերի դահլիճում ծեծվեն, բռնվեն և ծաղրվեն, այլևս ոչ մի բանի պետք չի լինելու էդ «սրտանց» ինքանակոտորումը։ Գնացքն արդեն անվերադարձ գնացած կլինի։ Քանի որ կփոխվի երկրի գլխավոր օրենքը ալիևի սրտով, այլևս չի լինի Անկախության Հռչակագրին հղումը այդ օրենքում, և երկիրը անվերադարձ կմխրճվի ադրբեջանա-թյուրքական ճահճի մեջ։
Ընդդիմությունը լրջագույն պահի առջև է, ընդդիմադիր խմբակցությունները, ըստ իս, աննախանձելի վիճակում են։
Բայց, և եթե մտել են էս պարի մեջ, պարտավոր են գոնե երաժշտությունը իրենք թելադրել, բա ո՞ւր մնացին խրոխտ խոստումները և հավաստիացումները, սրանց հեռացնելու մասին։
Ես, որպես ՀՀ քաղաքացի, ընդդիմության ընտրողն եմ և հայտարարում եմ՝ տղաներ և աղջիկներ, հարգելի’ լիդերներ, ես ձեզ ձայն չեմ տվել, որ նիկոլի ասեղը թելեք, որ օգնեք նրան փոխել Սահմանադրությունը՝ ալիևի քունքին հաճո և մեր երկիրը դնել մի նոր զոհասեղանի։ Ես և հազարավոր ընտրողներ հավատացել ենք ձեզ։ Կկոտրե՞ք հավատը նաև հիմա՝ այլևս երբեք ձայն չեք ունենա, զրո ձայնով կգնաք էդ «արտահերթին»։ Դե, իսկ էն «քաջին» հենց դա է պետք։
Հիմա ճիշտ պահն է վերագտնել ժողովրդի սերն ու հարգանքը, այն 500 հազար ընտրողի (պլյուս իշխանության կողմից գողացված ձայների), որ ձեզ հավատացել ու ձայն են տվել»։











































