ԵԽ-ի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Դավութօղլուի հետ Հայոց ցեղասպանության բանաձևի թեմայով
Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցի նախաձեռնությամբ տեղի ունեցած Դավութօղլու-Շուլց հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԵԽ-ի ընդունած բանաձևն ու Թուրքիայի հակազդեցությունը:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Birgun» լրատվակայքը հայտնում է, որ Շուլցն ըմբռնումով է մոտեցել Թուրքիայի հակազդեցությանը: Կայքը, հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրներին, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Շուլցը շեշտել է, թե ինքը ներկա չի եղել ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունած նիստին: Շուլցն ասել է նաև, որ ինքն անձամբ տեղյակ է այդ հարցի շուրջ Թուրքիայի ունեցած դիրքորոշման մասին և հասկանում է այդ երկրի հակազդեցությունը:
Կայքը նշում է, որ հեռախոսազրույցի մասին հաղորդել են կառավարություն աղբյուրները, սակայն Շուլցի գրասենյակն այս մասին դեռևս հայտարարություն չի տարածել:
Հիշեցնենք, որ Բրյուսելում ապրիլի 15-ին տեղի ունեցած նստաշրջանում Եվրոպական Խորհրադարանն ընդունել է բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Աղբյուր` Ermenihaber.am