Միասնական եւ համախմբված լինենք. շնորհավոր ծնունդդ, սիրելի առաջնորդ
Հայաստանի երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 61 տարեկան: Շարքային եւ հասարակ մարդիկ նրան վերաբերվում էին որպես իրենցից մեկին: Մարգարյանը հանգիստ ու անկաշկանդ շփվում էր բոլորի հետ` պաշտոնյայից մինչեւ դրկից, բոլորի հետ գտնում էր մոտեցման բանալին:
“Աստված մարդուն իդեալական չի ստեղծել: Դրա համար էլ իմ մեջ, ինչպես ցանկացածի, կան թույլ կողմեր, բնավորության գծեր, որոնք ի ծնե են, ձեռքբերովի էլ կան, իհարկե, բայց հիմնականում ի ծնե եղած գծերն են: Հիմա դրանց մասին լրիվ չեմ ասելու, որովհետեւ դեռ հույս ունեմ քաղաքականությամբ զբաղվել, եւ չեմ ուզում իմ հակառակորդներին հնարավորություն տալ, որ իմ թուլությունները կարողանան իմ դեմ օգտագործել, իսկ եթե ավելի լուրջ, ապա հաճախակի զգացմունքային եմ լինում, եւ դա ինձ երբեմն խանգարում է”,-հարցազրույցներից մեկում ասել է նա:
“Ազատության, անկախության համար մեր պայքարի տարիներին մեզնից ոչ ոք չէր ակնկալում, թե մենք կտեսնենք մեր անկախ պետականությունը: Բայց վստահ էինք, որ պետք է շարունակենք պայքարել` թեկուզ մեր սերունդների համար: Այսօր մենք ողջ ենք եւ տեսնում ենք այդ անկախ պետությունը, մասնակցում ենք նրա կերտմանը: Դրանից մեծ հպարտություն չի կարող լինել”,-այսպես էր մտածում նա, ով երկիրը դուրս բերեց մակընթացություններից:
Միասնության կոչ էր անում, համոզված էր, որ դրանից է կախված Հայաստանի ապագան: “Մենք պետք է ամուր պետություն ունենանք, համախմբված ու միասնական լինենք, որ կարողանանք դիմագրավել բոլոր փորձություններին, ինչպես եղավ 90-ականների սկզբին”,-միշտ բոլորին հորդորում էր :
Այսօր պանթեոն կգնան նրա հարազատներն ու ընկերները, երկրի ղեկավարությունն ու կուսակիցները: Կգնան` ոչ սգալու, այլ հպարտանալու, շնորհավորելու նրա ծննդյան օրը: Շնորհավոր ծնուդդ, Անդրանիկ Մարգարյան, սիրելի վարչապետ, առաջնորդ: