Պետք է գնալ տնետուն, եւ համոզել մարդկանց, հունիսի 7-ին չլինել պասիվ․ Եսայան

ՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նախընտրական եռուզեռն ընթանում է, ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերը փորձում են մարդկանց «համոզել»։ Սա բնական կլիներ որեւէ նորմալ քաղաքական, պետական, անվտանգային իրավիճակում գտնվող երկրի, ժողովրդի, քաղաքական ուժերի համար։
Սակայն, արդեն վաղուց, ժողովրդի մեծամասնությունը գիտի, որ մեր երկիրը նորմալ պրոցեսների մեջ չէ, արդեն ութը տարի, իսկ 2020-ից եւ Արցախի հանձնումից հետո, ՀՀ սուվերեն տարածքներում ադրբեջանի զինվորների առկայության պարագային՝ ավելի ու ավելի ոչ նորմալ, զավթված եւ գերի վիճակում ենք։ Հասկանում եմ, որ ընտրություններին գնացող իրական ընդդիմադիր ուժերի համար եռակի բարդ է մեր հասարակությանը մոտիվացնել եւ մղել ինքնափրկության, մղել հաստատակամության եւ չարիքի վերջնական մերժման։ Որոշներին սա կարծես հաջողվում է, որոշներին՝ մասամբ։ Իսկ հիմնականում, հուսամ բոլորս ենք հասկացել, որ հունիսի 7-ին լինելու է ոչ թե սովորական, նորմալ ընտրական պրոցես, այլ՝ երկրի, պետության, ազգային արժեհամակարգի փրկության կենաց-մահու գործընթաց, եթե կուզեք՝ ճակատամարտ՝ փոխաբերական իմաստով, բայց խորքում, այո, հենց այդպես։
Թույլ տվեք մեկ դիտարկում հայտնել՝ հրապարակային, փողոցային հանդիպումները, ամեն ուժի կողմից իր վարչապետի անունը վանկարկելը բավարար չէ, քիչ է, դա գրեթե չի մոտիվացնում։Պետք է գնալ տնետուն, մտնել մարդկանց տները, նստել եւ զրուցել, բռնել յուրաքանչյուր ընտրողի ձեռքը, խոսել մարդկանց հետո, եւ, հատկապես, այն շուրջ 30-40 տոկոս մարդկանց, որ դեռ չկողմնորոշված են, դեռ փնտրտուքի մեջ են, հատկապես այս մարդիկ են լինելու որոշողը, նրանց պետք է համոզիչ խոսք, փաստարկված խոսք, այս մարդիկ պետք է հասկանան, որ իրենց չմասնակցությունը ընտրությանը հավասար է անգործության եւ դա միայն քպին է օգնելու։ Հարգելիներս, մի նկարվեք զուտ տեսախցիկների համար, ավելի ճիշտ՝ միայն տեսախցիկների առաջ, թողեք փքված դիրքը, դուք դեռ չեք ընտրվել, դուք դեռ վարչապետ չեք։ Մարդկանց հետ շփվեք իրենց պես, հավասարը՝ հավասարի, բայց եւ փաստերով, համոզիչ, ազնիվ։ Ինքս համոզված եմ, դեռ չկողմնորոշվածները նույնքան, կամ՝ ավելի շատ չեն ուզում, որ քպն «վերընտրվի» ինչպես ես եւ մեր պես հազարավորները։
Ուրեմն՝ պետք է գնալ տնետուն, եւ համոզել մարդկանց, հունիսի 7-ին չլինել պասիվ, պետք է գնալ եւ ընտրել իրական ընդդիմադիր ուժի, հասկանալի է, ես անուններ չեմ տա, բայց այդպիսիք կան, գոնե 3-4 ուժ, հաստատ կա։ Ուրեմն՝ դեռ ուշ չէ, ուրեմն՝ կա անելիք։Դե, իսկ ընտրությունից հետո արդեն բոլորիս պարտքն է ՏԵՐ ԼԻՆԵԼ այս մարդկանց ընտրությանը եւ մերժելով չարիքի, պատերազմ եւ մահեր բերած ուժին, ոտքի կանգնել եւ ուղղել մեր ժողովրդի կքված մեջը։
Սա հնարավոր է, պարտադիր է եւ հաստատ՝ հաղթող»։











































