Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղ կընդունվեն երկու քննությամբ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի պրոռեկտոր Դմիտրի Գևորգիևսկու գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` Երևանում ՄՊՀ-ի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Ալեքսեյ Պոլոսինը, ՄՊՀ-ի գլխավոր ինժեներ Վիկտոր Պոպսուևը և ծրագրի հիմնական ներդրող Ռոբերտ Տոնեյանը: Արմեն Աշոտյանը գոհունակություն է հայտնել, որ ԿԳ նախարարի և ՄՊՀ-ի ռեկտորի միջև Մոսկվայում փետրվարին կնքված համաձայնագրի կնքումից կարճ ժամկետ անց նախագիծը կյանքի է կոչվում:
«Իհարկե, մասնաճյուղն առաջին հերթին կրթահետազոտական նախագիծ է, բայց այն միաժամանակ ունի քաղաքակրթական կարևորություն, որովհետև հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը միշտ կարիք ունի նոր դրսևորումների` ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը»,-նշել է նախարարը:
ՄՊՀ-ի պրոռեկտոր Դմիտրի Գևորգիևսկին նախարարին է հանձնել բուհի ռեկտոր Վիկտոր Սադովնիչևի ուղերձը, որում վերջինս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` մասնաճյուղի հիմնադրման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար` ընդգծելով, որ մասնաճյուղը կնպաստի սերտ և փոխադարձ գործընկերային հարաբերությունների զարգացմանը և կամրապնդի գիտակրթական և մշակութային կապերը երկու երկրների միջև: ՄՊՀ-ի Երևանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Պոլոսինն իր հերթին հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի ՀՀ կրթության ոլորտում մրցակցության բարձրացանը, հետևաբար` կրթության որակի աճին:
Նա համոզմունք է հայտնել, որ հայ երիտասարդները մասնաճյուղում կստանան որակյալ համալսարանական կթրություն` մոսկովյան բուհի չափանիշներով: Ալեքսեյ Պոլոսինը տեղեկացրել է նաև, որ ընդունող հանձնաժողովը կազմված կլինի Մոսկվայի պետհամալսարանի դասախոսներից, ովքեր ընդունելությունը կանցկացնեն երկու առարկաների գծով` ռուսաց լեզու և մասնագիտական քննություն:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բուհին լիցենզիայի տրամադրման, մասնագիտությունների, ընդունելության կարգի, դասախոսական կազմի ընտրության, պետպատվեր տեղերի տրամադրման և այլ հարցերի: